Մարդիկ ակնհայտ սուտ տեղեկություն են տարածում իմ մասին, չգիտեմ՝ ում է ձեռնտու. Վանեցյանը՝ Գարեգին Միսկարյանի գրառման մասին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսքի ազատության դեմ արված քայլ չի համարում այն, որ իր ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրավոր դիմել է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Գարեգին Միսկարյանին, որպեսզի վերջինս հերքի Արթուր Վանեցյանի մասին արած ֆեյսբուքյան գրառումը, որում նշել էր, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում զբաղվում է վառելիքի ներկրմամբ։
«Մարդիկ սուտ տեղեկություն են տարածում, դա ակնհայտ սուտ է: Ես հերքել եմ, թե բիզնես ունեմ, բայց անընդհատ տարածվում է: Դրա իմաստը ո՞րն է: Ես իմաստն եմ ուզում հասկանալ: Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի, իմ անձի շուրջ, որն անհասկանալի է, և չգիտեմ, թե ում է ձեռնտու դա»,- Factor.am–ի հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը։
«Այն, որ Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էինք զբաղվում, դա նորություն էր»,–մասնավորապես գրել էր Միսկարյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչը Գարեգին Միսկարյանին առաջարկել էր եռօրյա ժամկետում հերքել գրառմամամբ տարածված ապատեղեկատվությունը՝ ֆեյսբուքյան համապատասխան գրառման միջոցով, միաժամանակ տեղեկացնելով, որ տեղեկությունը սահմանված կարգով չհերքելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու են իրավունքի պաշտպանության այլ միջոցների: Գարեգին Միսկարյանն ապրիլի 30-ին «Ֆեյսբուք»–ում հանդես էր եկել հերքմամբ։










