Իրանական նավթային լցանավը Սաուդյան Արաբիայի ափերի մոտ աղետի է ենթարկվել

12:27 • 02.05.19

Սաուդյան Արաբիայի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները փրկել են իրանական Happiness 1 նավթային լցանավի անձնակազմին, որը Կարմիր ծովում՝ Ջիդդա նավահանգստային քաղաքից ոչ հեռու, աղետի Է ենթարկվել, գրում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ նավի վրա անձնակազմի 26 անդամ է գտնվել, որից 24-ն իրանցի են, 2-ը՝ Բանգլադեշից: Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:

Հաղորդվում է, որ լցանավից աղետի ազդանշան է ստացվել՝ կապված շարժիչի անսարքության և կառավարման կորստի հետ:

Փրկարարական գործողությանը մասնակցել է մի քանի գերատեսչություն, այդ թվում՝ բնապահպանական ծառայություններ: Նավթի հնարավոր արտահոսքի մասին առայժմ հստակ տեղեկություններ չկան: