Պարա՞պ եք, որ ակտ գրեք, հետո այդ ակտը բեկանեք. ցուցարար տաքսու վարորդը՝ ոստիկանին
Ճանապարհը փակած տաքսու վարորդներին ոստիկանները հորդորեցին, որ ճանապարհը բացեն և իրենք գնան ՃՈ պետ Եգոր Կարապետյանի հետ հանդիպման:
Վարորդներն այս առաջարկին համաձայն չէին, նրանք ասացին, որ եթե Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային երթևեկության կազմակերպության հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանն իրենց խաբել է, մյուսներն էլ կխաբեն:
Ոստիկաններն էլ բողոքի ակցիայի մասնակիցներին ասացին, որ եթե նրանք ճանապարհ են փակել, դրանով հարցը չի լուծվի: Վարորդները, սակայն, պնդեցին՝ եթե մի քանի օր փակեն, կլուծվի:
«30 հոգով պետք է գնանք իրեն տեսնենք, բայց ինքը չի՞ ուզում գա իր ժողովրդին տեսնի: Թող գա, տեսնի, ուրիշ տարբերակ չենք քննարկում»,- ասաց վարորդներից մեկը:
Ոստիկանության ու ցուցարարների միջև վեճ ծագեց:
«15 անգամ ՃՈ կողմից խաբված մարդիկ ենք, ՃՈ պետը ասել է գնացեք, ձեր հարցին լուծում կտանք, 20 անգամ գնացել ենք, բայց ոչ մի հարցի լուծում էլ չենք ստացել: Մենք ճանապարհը չենք փակել, որ հարցը լուծվի: Ես գնացել եմ «գայի», ինձ այնտեղ չեն ընդունել, ճանապարհը փակել եմ, որ մարդիկ մեզ ընդունեն»,- ասաց ակցիայի մասնակից վարորդներից մեկը:
Վարորդներն ասացին, որ Կոստանյանն իրենց խոստացել է, որ եթե իրենց մեքենաները կանգնեն Աբովյան փողոցի վրա, ապա տեսախցիկները չեն նկարի և տուգանք չի գա, սակայն արդեն 150 հազար դրամի տուգանք է եկել և հիմա չեն կարող վստահել ՃՈ-ին:
Ի վերջո, ցուցարարների մոտ եկավ Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպության հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխնգնդապետ Կոնստանտին Կոստանյանը և հիշեցրեց, որ ինքն ասել է՝ այստեղ կանգնելու դեպքում մարտի 19-ից հետո չեն տուգանվի: Վարորդները հայտնեցին, որ իրենք տուգանվել են այդ որոշումից հետո էլ: Կոստանյանն ասաց, որ տուգանվել են միայն կանգառում կայանելու դեպքում:
Այնուհետև ակցիայի մասնակից վարորդներից մեկը Կոստանյանին հարց ուղղեց՝ նրա ենթականներն իրեն ենթարկվո՞ւմ են: Վերջինս դրական պատասխան տվեց, և վարորդը հարցրեց՝ «էդ դեպքում ինչու՞ չեն կատարում իր հրամանները»:
Կոստանյանն ասաց, որ բոլոր ակտերը կբեկանվեն: Վարորդներն էլ հավելեցին՝ պարա՞պ են, որ ակտ գրեն հետո էլ բեկանեն:
Տաքսու վարորդները չհամաձայնեցին բացել ճանապարհը և ցուցարարներին մոտեցավ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:










