Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները շուրջ մեկ ամիս բացակայությունից հետո այսօր դպրոց են հաճախել. տնօրեն

11:39 • 03.05.19

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները շուրջ մեկ ամիս  բացակայությունից հետո այսօր դպրոց են հաճախել. Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը: 

«Այսօր բոլորը դասի են եկել, բացակայություն չունենք, նորմալ է ամեն ինչ, դասապրոցեսը շարունակվում է»,-ասաց նա:

Ըստ Սարգսյանի՝ երեկ ՀՀ կրթության տեսչությունից աշխատակիցներ են եկել, զրուցել բացակայող երեխաների ծնողների հետ, պայմանավորվել են, և այսօր նրանք իրենց երեխաներին ուղարկել են դպրոց: 

Նշենք, որ դպրոցի շուրջ 100 աշակերտի ծնողներ հրաժարվում էին իրենց երեխաներին դպրոց ուղարկելուց՝ պահանջելով դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը: Նրանք պնդում էին, որ տնօրենը մի շարք անօրինականություններ է իրեն թույլ տվել: Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցները դպրոցում ստուգումներ են անցկացնել և դեռևս որևէ եզրահանգման չեն եկել:

Հոռոմսիմ Սարգսյանը նշեց, որ դպրոցում դասապրոցեսը երբեք չի ընդհատվել, բացակա աշակերտների ծնողներին այդ ընթացքում ծանուցումներ են ուղարկել, որպեսզի երեխաների կրթական իրավունքը չխախտվի: 

Հարցին, թե ի՞նչ պայմանավորվածության են եկել, Հոռոմսիմ Սարգսյանը նշեց, որ, իհարկե, նրանց անհիմն պահանջով ինքը հրաժարական չէր կարող տալ և չի էլ պատրաստվում: «Ես ինչո՞ւ պետք է հրաժարվեմ, ի՞նչ հիմքով, պահանջով տնօրենի հրաժարական չի լինում: Ծնողների կողմից ոչ մի պահանջ չի դրվել, իրենց հասկացրել են, որ այդ պահանջով տնօրենին չեն կարող ազատել աշխատանքից, իսկ թե ուրիշ այլ  պահանջներ ունեն, չեմ կարող ասել, կարող է վաղը այլ պահանջ ներկայացնեն»,-ասաց նա:

Տնօրենի խոսքով՝ դպրոցի հետ կապված լարվածությունն անցել է, կոլեկտիվում լարվածություն ընդհանրապես չկա, իսկ համայնքում դեռևս լարված իրավիճակը շարունակվում է: «Իրենք հիմա էլ պահանջում են աշխատակազմից, որ երկու հոգի պետք է համայնքապետարանի հրաժարական տա, կրկին պահանջ, որի իրավունքը չունեն, ընտրովի կառույցներ չեն, հիմա այդ պահանջով են կարծես բողոքները շարունակվում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական  ճանապարհը՝ պահանջելով արդեն նախկին համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը, ապա նաև նրա դուստր Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը:  Ցուցարարների ու դպրոցի աշխատողների միջև բախումներ էին եղել, իսկ ապրիլի 13-ի առավոտյան տնօրենի որդին՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, հրազենային վնասվածք էր հասցրել ցուցարարներից մեկին: Նույն օրը երեկոյան գյուղապետը հրաժարական էր ներկայացրել: Զարթոնքի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 67-ամյա Էմիլ Եղիազարյանը: