Արարատի մարզում վթարից տուժած երեխաների կյանքին վտանգ չի սպառնում
Արարատի մարզում տեղի ունեցած վթարից տուժած երեխաների կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արտաշատի ԲԿ-ից:
«Երկու երեխա տեղափոխվել է Երևան, մեկն էլ ընդամենը քերծվածք է ունեցել, գնացել է տուն»,- փոխանցեցին ԲԿ-ից:
Նշենք, որ մյուս երկու վնասվածք ստացած երեխաները տեղափոխվել են Երևան Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղից Tert.am-ին ասացին, որ երեխաները քույր և եղբայր են:
«Մեզ մոտ քույր և եղբայր երեխաներ են գտնվում, երկուսի մոտ էլ զուգակցված վնասվածքներ են: Աղջկա մոտ գլխուղեղի սալջարդ է՝ միջին աստիճանի և կողքի ոսկրի կոտրվածք է: Տղայի մոտ կողքի ոսկրի կոտրվածք է, ազդրի և մեծ խոռոչի կոտրվածք»,- ասացին ԲԿ-ից:
Հարցին երեխաների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, ԲԿ-ից պատասխանեցին, որ դրանք ծանր, բայց ծայրահեղ ծանր վնասվածքներ չեն և որ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Toyota Rav 4 մակնիշի 656 AԼ 61 համարանիշի և Վազ 21-21 մակնիշի 18 VՍ 008 համարանիշի ավտոմեքենաները: Տուժել է 10 քաղաքացի, այդ թվում նաև երեխաներ:










