Քաջարանում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

12:01 • 03.05.19

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում այսօր տեղի է ունեցել  քաղաքացիների սպա­սարկ­­ման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական բաժինը:

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե­րու­թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարա­վա­յին Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) (մինչև 2018 թ.) համաֆի­նան­սավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զար­գացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶ տեղական ինքնակառավարման քաղա­քա­կա­նության վարչության պետ Աշոտ Գիլոյանը,  ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ տե­ղա­կան ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկա­վար Քաթրին Շեֆերը, ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփ­յանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժ­նի պետ Էդգար Մարտիրոսյանը, Քաջարան հա­մայն­քի ղե­կա­վար Մանվել Փարա­մազ­յանը, ինչպես նաև քաղաքացիական հասարա­կու­թյան ներ­կա­յացուցիչներ։

2015 թ. ի վեր ծրագրի շրջանակներում հիմնվել են քաղաքացիների սպասարկման 29 գրասենյակներ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի, Օձուն, Տեղ, Բերդ, Արագածավան, Անի, Ախթալա, Գլաձոր և Քաջարան համայնքներում:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատու­հան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցի­կու­թյունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործըն­թաց­ները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծա­ռա­յությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:

Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայն­քա­յին կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղե­կատ­վական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համա­կար­գը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թա­փան­ցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամա­նա­կի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծա­ռայություններ, հետևել դիմումների և գրությունների ընթացքին, իսկ հարցերի դեպ­քում առցանց դիմել համապատասխան մասնագետներին:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն ապահովում է վար­չա­կան ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում, խո­շո­­րաց­ված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխ­գոր­ծակցություն մեկ միասնական տեղեկատվական միջավայրում: