Տաքսու վարորդները ՃՈ պետի հետ բանակցելուց հետո բացեցին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը (տեսանյութ)
12:50
Երևանի Աբովյան փողոցը փակած տաքսու վարորդների հետ հանդիպեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ում ցուցարարները ներկայացրին ամբողջ խնդիրը:
Վարորդները ՃՈ պետին ասացին, որ իրենց ասել են, թե կարող են կանգնել այդտեղ, բայց ՃՈ պարտականությունների մեջ չի մտնում արգելող նշանը հանելը:
«Հետո մենք գնացել ենք «ԳԱԻ», մեզ չընդունեցին, մենք էլ որոշեցինք գալ այստեղ և փողոցը փակել: Սկզբում՝ մարտի 19-ին, մենք միայն կանգառն ենք փակել: Եկավ պարոն Կոստանյանը մեզ խոստացավ, որ կանգառից ներքև՝ արգելող նշանից ներքև վեց տեղ մեզ կտա: Մեր դեմ զանգեց ու ասեց, որ այստեղ չնկարեն: 19-ից հետո մենք կանգնել ենք մոտ մեկ ամիս ու եկել են ակտեր, պարզվել է՝ բոլորիս վրա ակտ կա լիքը»,- ասաց վարորդներից մեկը:
Նրանք ասացին, որ զանգահարել են Կոստանյանին, գնացել են նրա մոտ, ասել է՝ դիմումները գրեք, բայց պատասխան չի եկել՝ բեկանվեցի՞ն այդ ակտերը, թե՞ ոչ:
Եգոր Կարապետյանն էլ ասաց, որ տաքսու կայանատեղի տրամադրելու համար ՃՈ-ն իրավունք չունի միայնակ թույլտվություն տալ: «Դրա համար, եթե դուք դիմում եք, ՃՈ-ն կարճ ժամանակում ուսումնասիրություն է կատարում, և եթե պարզվում է, որ երթևեկությունը չի խոչընդոտվի, ՃՈ-ն համապատասխան գրություն է ուղարկում քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետարանն ինքը թույլ տա: Քաղաքապետարանի համապատասխան թույլտվությունից հետո, բերվում են համապատասխան նշանները, դա կլինի կանգառ արգելող կամ կայանումն արգելող, կատարվում է գծանշում տաքսու կայանատեղի»,- ասաց նա:
ՃՈ պետը հավելեց, որ մինչև քաղաքապետարանի գրությունը գա, իրենք համապատասխան վարույթ կիրականացնեն, ամբողջը կուսումնասիրվի և խնդրին լուծում կտան:
«Հնարավոր է՝ վարույթ իրականացվելուց հետո ակտերը բեկանվեն: Այն ակտերը, որոնք եկել են հասարակական տրանսպորտի կանգառից դուրս կայանելու համար, դրանք կբեկանվեն, իսկ նրանք, որ կանգառում կանգնելու համար՝ չեն բեկանվի»,- ասաց Կարապետյանը:
Վարորդներն էլ ասացին, որ իրենք ուզում են, որպեսզի բեկանվեն միայն այն ակտերը, որոնք եղել են տրանսպորտային կանգառից դուրս կանգնելու համար:
Եգոր Կարապետյանն ասաց, որ նրանք բացեն ճանապարհը:
«Մենք Ձեր խոսքը հարգում ենք, երթևեկությունը վերականգնում եք»,- պատասխանեցին նրանք և բացեցին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը:
12:31
Ճանապարհը փակած տաքսու վարորդներին ոստիկանները հորդորեցին, որ ճանապարհը բացեն և իրենք գնան ՃՈ պետ Եգոր Կարապետյանի հետ հանդիպման:
Վարորդներն այս առաջարկին համաձայն չէին, նրանք ասացին, որ եթե Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային երթևեկության կազմակերպության հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանն իրենց խաբել է, մյուսներն էլ կխաբեն:
Ոստիկաններն էլ բողոքի ակցիայի մասնակիցներին ասացին, որ եթե նրանք ճանապարհ են փակել, դրանով հարցը չի լուծվի: Վարորդները, սակայն, պնդեցին՝ եթե մի քանի օր փակեն, կլուծվի:
«30 հոգով պետք է գնանք իրեն տեսնենք, բայց ինքը չի՞ ուզում գա իր ժողովրդին տեսնի: Թող գա, տեսնի, ուրիշ տարբերակ չենք քննարկում»,- ասաց վարորդներից մեկը:
Ոստիկանության ու ցուցարարների միջև վեճ ծագեց:
«15 անգամ ՃՈ կողմից խաբված մարդիկ ենք, ՃՈ պետը ասել է գնացեք, ձեր հարցին լուծում կտանք, 20 անգամ գնացել ենք, բայց ոչ մի հարցի լուծում էլ չենք ստացել: Մենք ճանապարհը չենք փակել, որ հարցը լուծվի: Ես գնացել եմ «գայի», ինձ այնտեղ չեն ընդունել, ճանապարհը փակել եմ, որ մարդիկ մեզ ընդունեն»,- ասաց ակցիայի մասնակից վարորդներից մեկը:
Վարորդներն ասացին, որ Կոստանյանն իրենց խոստացել է, որ եթե իրենց մեքենաները կանգնեն Աբովյան փողոցի վրա, ապա տեսախցիկները չեն նկարի և տուգանք չի գա, սակայն արդեն 150 հազար դրամի տուգանք է եկել և հիմա չեն կարող վստահել ՃՈ-ին:
Ի վերջո, ցուցարարների մոտ եկավ Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպության հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխնգնդապետ Կոնստանտին Կոստանյանը և հիշեցրեց, որ ինքն ասել է՝ այստեղ կանգնելու դեպքում մարտի 19-ից հետո չեն տուգանվի: Վարորդները հայտնեցին, որ իրենք տուգանվել են այդ որոշումից հետո էլ: Կոստանյանն ասաց, որ տուգանվել են միայն կանգառում կայանելու դեպքում:
Այնուհետև ակցիայի մասնակից վարորդներից մեկը Կոստանյանին հարց ուղղեց՝ նրա ենթականներն իրեն ենթարկվո՞ւմ են: Վերջինս դրական պատասխան տվեց, և վարորդը հարցրեց՝ «էդ դեպքում ինչու՞ չեն կատարում իր հրամանները»:
Կոստանյանն ասաց, որ բոլոր ակտերը կբեկանվեն: Վարորդներն էլ հավելեցին՝ պարա՞պ են, որ ակտ գրեն հետո էլ բեկանեն:
Տաքսու վարորդները չհամաձայնեցին բացել ճանապարհը և ցուցարարներին մոտեցավ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:
11:36
Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում: Նրանք փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը և պահանջում են հանդիպում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:
Վերջինս արդեն դեպքի վայրում է և բանակցում է ցուցարարների հետ:
Տեղում են ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդների հորդորում են բացել ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը, մինչև իրենց կմոտենան Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաներ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը:
Ոստիկանության ծառայողը բողոքի ակցիա իրականացնողներին ասաց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի անունից հայտնում է, որ ՃՈ պետի տեղակալը բոլորին սպասում է իր մոտ:
Վարորդների որոշ մասը համաձայնեց գնալ, մյուսների մերժում են առաջարկը: Բողոքի ակցիան շարունակվում է:












