Վլադ Տոպալովն ավտովթարի է ենթարկվել
Ռուսական էստրադայի երգիչ Վլադ Տոպալովն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը: Երգիչն այցելել էր քաղաքից դուրս գտնվող եկեղեցիներից մեկը, որտեղ մասնակցում էր ժամերգության և պատարագի: Նա մեքենայով վերադառնում էր մայրաքաղաք և պետք է օդանավակայան գնար` կնոջ և որդու մոտ մեկնելու նպատակով, սակայն մայրուղու 26-րդ կիլոմետրին մեկ այլ ավտոմեքենա հարվածել է իր մեքենային:
«115 կմ արագությամբ էի ընթանում և տուգանքներ վաստակելու ցանկություն ամենևին չունեի, այնպես որ արագությունն այստեղ կապ չունի: Մեքենան վերանորոգման կարիք ունի և միայն այդքանը: Փառք Աստծո, բոլորս առողջ ենք և կենդանի»,- ասել է Տոպալովը:
Նա պատմել է, որ մյուս մեքենայի ղեկին թոշակառու տղամարդ է եղել: Վերջինս այնքան է անհանգստացել, որ Տոպալովն ինքն է ստիպված եղել լրացնել բոլոր փաստաթղթերը, երբ ժամանել են պարեկային ծառայության աշխատակիցները: Վլադը հավելել է, որ բարկացած չէ ՃՏՊ-ի հեղինակի վրա, քանի որ բոլորն էլ կարող են նման իրավիճակում հայտնվել:










