Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևան, վիճակը շարունակում է ծանր մնալ. Ա. Հովհաննիսյան
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին նա գտնվում է Մուրացանի հոսպիտալում»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատվում զինծառայողի վիճակը, նա պատասխանեց. «Այս պահին վիճակը ծանր է, առայժմ ոչ մի միջամտություն չենք կարող անել, մինչև հասկանանք, թե դինամիկան ինչպես է լինելու»:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնել էր, որ զինծառայողի վիճակը ծանր է, և նրան այսօր կտեղափոխեն Երևան:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Արցախի Հանրապետության ՊՆ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:










