Թաիլանդի թագավորը տիտղոսներ է շնորհել թագավորական ընտանիքի անդամներին

16:26 • 05.05.19

Թաիլանդի նոր թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա Х) մայրաքաղաք Բանգկոկում տիտղոսներ է շնորհել թագավորական ընտանիքի անդամներին: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, արարողությունն ուղիղ կապով հեռարձակվել է թաիլանդական հեռուստաալիքներով:

Տիտղոսների և միացագրերի շնորհումը տեղի է ունեցել Ռամա X թագավորի թագադրման երկրորդ օրը թագավորական մեծ պալատում:

Թագավորի հանգուցյալ հայր Ռամա IX-ն այսուհետ կանվանվի Պհումիպոն Ադուլյադետ Մեծ, մայրը՝ թագուհի Սիրիկիտ:

Նոր տիտղոսներ և կոչումներ են ստացել նաև նոր թագավորի կրտսեր քույրերը՝ արքայադուստրեր Մահա Չակրի Սիրինդհոնը և Չուլապհոնը, թագավորի նախկին կին, արքայադուստր Սաոմսավալին, նրանց դուստր Բաչրակիտիյաբհան, ինչպես նաև թագավորի կրտսեր դուստր Սիրիվաննավարի Նարիրատանան և  այլք:

Հիշեցնենք, որ Ռամա X-ը գահ էր բարձրացել 2016թ.-ի դեկտեմբերի 1-ին՝ իր հոր մահվան 50-րդ օրը: Նրա հայրը՝ Ռամա IX-ը, Թաիլանդում թագավորել էր 70 տարի: Նոր թագավորի թագադրության արարողությունը կայացել է մայիսի 4-ին: