Վարկեր մարող նպաստառուներին նպաստից զրկելու որոշում դեռ չի կայացվել. Զարուհի Բաթոյան

12:28 • 06.05.19

Վարկեր մարող նպաստառուներին նպաստից զրկելու որոշում դեռ չի կայացվել: Ստեղծվել է աշխատանքային խումբը, հարցը քննարկվում է, բայց համահարթ մոտեցում չի լինելու: Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Վարչապետի հանձնարարությամբ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Սրա վերանայման արդյունքում պետք է ընտանեկան նպաստի համակարգը դարձնենք ավելի հասցեական, ճկուն»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե վարչապետի նշած 11 հազար 281 վարկեր մարող նպաստառուները զրկվելո՞ւ են նպաստից, Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Վարչապետի գրառման նպատակը քննարկում կազմակերպելն էր և կարծիքներ հարցնելը, ինչը շատ կարևոր եմ համարում: Այս պահին որևէ որոշում չունենք, թե ինչ պետք է լինի, բայց աշխատանքային խումբը, որը կազմվել է, նաև այս հարցը պետք է քննարկի, և մենք պետք է ունենանք հստակ չափորոշիչներ, պետք է այդ ամբողջ համակարգը վերանայվի»:

Նրա խոսքով՝ մինչև սեպտեմբեր աշխատանքային խումբը վերանայած կլինի նպաստների ամբողջ համակարգը:

Զարուհի Բաթոյանը անձնական կարծիքով՝ շատ կարևոր է այս հարցում անհատական մոտեցումը՝ անհատական աջակցման մեթոդը:

«Եթե նպաստառուն վարկը վերցրել է առողջական խնդիրների լուծման համար կամ որևէ այլ դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառով, սա այլ տարբերակ է, բայց եթե կան մարդիկ, որ իսկապես չարաշահելով՝ օգտվում են նպաստի համակարգից և միևնույն ժամանակ ամսական 1 մլն դրամից ավելի վարկ են մարում, սա այլ հարց է: Ընդհանուր, համահարթ մոտեցում չի լինելու, դա լինելու է հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում»,- նշեց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկացմամբ՝ 6 նպաստառու ամսական 1 մլն դրամ և ավելի վարկ է մարում. «Թե ովքեր են և ինչպես են փակում, չեմ կարող ասել: Մենք անձնավորված տեղեկություններ չունենք և դրա իրավունքը չունենք, մեզ պարզապես թվային տեղեկատվություն է տրամադրել Կենտրոնական բանկը»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում. «Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ եւ 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն: Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ»,- հայտնել էր վարչապետը: