Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում հրդեհ էր բռնկվել «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու պահին։
Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն տեղեկություն է ստացել, որ օդանավում գտնված 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից հաջողվել է փրկել 37-ի կյանքը։










