Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին կոչ են արել Ռամադանի ընթացքում նրբանկատ լինել պահք պահող մահմեդականների նկատմամբ

15:09 • 06.05.19

Թուրքիայի կրոնական իշխանությունները դիմել են երկրում հանգստացող ռուս զբոսաշրջիկներին՝ կոչ անելով մահմեդականների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ընթացքում նրբանկատություն ցուցաբերել տեղի բնակիչների նկատմամբ՝ հնարավորության սահմանում խուսափելով նրանց ներկայությամբ սննդի ընդունումից:

Այս մասին գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ Ռամադանը սկսվել է մայիսի 5-ի երեկոյան և կտևի մինչև հունիսի 3-ը: Այս ընթացքում բարեպաշտ մահմեդականները ցերեկային ժամերին չպետք է սնվեն, խմեն, ծխեն կամ սեռական հարաբերություններ ունենան:

Թուրքիայի կրոնի հարցերով պետական վարչության մամուլի քարտուղար Մուստաֆա Ջերահը ria.ru-ի հետ զրույցում նշել է, որ թեև ռուս զբոսաշրջիկները Ռամադանի ընթացքում միանգամայն ազատ կլինեն դրսում սնվելու և խմելու հարցերում, սակայն ցանկալի է, որ նրանք հարգանքով վերաբերվեն պահք պահողներին և հնարավորության դեպքում նրանց ներկայությամբ չսնվեն, չխմեն, որպեսզի հավատացյալներին չգայթակղեն և չստիպեն տանջվել: