Պուտինը հայ դիրիժորին պարգևատրել է պետական շքանշանով

14:08 • 08.05.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանին պարգևատրել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II կարգի շքանշանով, գրում է gorodbryansk.info կայքը:

ՌԴ նախագահը մշակութային գործչին պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրել է ապրիլի վերջին: Հրամանում ասվում է, որ Համբարձումյանը պարգևատրվում է հայրենական մշակույթի և արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի և բազմամյա բեղմնավոր գործունեության համար:

Էդուարդ Համբարձումյանը ծնվել է 1965թ.-ին՝ Երևանում: Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 1988թ.-ին Երիտասարդ կոմպոզիտորների համախորհրդային մրցույթի հաղթող է ճանաչվել:

1991թ.-ից Համբարձումյանը բնակվում է ՌԴ Բրյանսկ քաղաքում, որտեղ աշխատել է դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար, ապա ղեկավարել Բրյանսկի սիմֆոնիկ նվագախումբը:

 

Պուտինը հայ դիրիժորին պարգևատրել է պետական շքանշանով