Հոլիվուդի փառքի ճեմուղում բացվել է Էնն Հեթուեյի անվանական աստղը (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան փառքի ճեմուղում բացվել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էնն Հեթուեյի անվանական աստղը, գրում է Daily Mail պարբերականը:
«Արքայադստեր օրագրերը» ֆիլմից հայտնի դարձած 36-ամյա դերասանուհին Լոս Անջելեսում աստղի բացման արարողության ժամանակ շնորհակալական ճառով է հանդես եկել:
«Սկսեցի մտածել այս աստղի տակ, այս բոլոր աստղերի տակ տարածվող հողի մասին, այն մասին, թե ինչպես է տոնգվա ցեղը (Կալիֆոռնիայի բնիկ հնդկացիական ցեղերից – Tert.am) այն խնամել և պահպանել ավելի քան մեկ հազարամյակ շարունակ: Կարծում եմ՝ կարևոր է նշել, որ նրանք դեռ այսօր էլ ապրում են այստեղ, և մեր ոտքերի տակ գտնվող հողի միջով հոսող հոգին սկսվում է նրանցից և շարունակվում է պահվել նրանց կողմից, հետևաբար կուզենայի խոսքս սկսել՝ տոնգվա ցեղի մարդկանց շնորհակալություն հայտնելով և ընդունելով այն փաստը, որ այն հողը, որը տարածվում է այս աստղի տակ, նրանց է պատկանում օրենքով»,- ասել է 36-ամյա դերասանուհին:
Նրա խոսքերը ծափողջույններով են ընդունվել:
Աստղի բացմանը ներկա են եղել դերասանուհու ընտանիքի անդամները՝ ծնողները, ամուսինը, որոնց Հեթուեյը նույնպես անդրադարձել է իր շնորհակալական ճառում:
Հիշեցնենք, որ Էնն Հեթուեյը «Օսկար»-ի է արժանացել «Թշվառները» ֆիլմում դերակատարման համար՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նրա մասնակցությամբ նոր՝ «Կատարյալ սրիկաները» (The Hustle) ֆիլմն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում վարձույթում կհայտնվի այսօր՝ մայիսի 10-ին:













