Մահացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Դորիս Դեյը (լուսանկարներ)

18:47 • 13.05.19

Կյանքի 98-րդ տարում մահացել է 1960-ական թվականների ամերիկյան կինոյի աստղ, ամերիկացի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ Դորիս Դեյը, հաղորդում է TMZ հարթակը:

Պարբերականի տվյալներով՝ Դեյը կյանքից հեռացել է տեղի ժամանակով երկուշաբթի առավոտյան Կալիֆոռնիա նահանգի իր տանը:

«Դեյն իր տարիքի համար հիանալի առողջություն ուներ, սակայն վերջերս թոքերի լուրջ բորբոքում էր ստացել, որն էլ նրա մահվան պատճառը դարձավ»,- ասված է դերասանուհու հիմնադրամի տարածած հաղորդման մեջ:

Դորիս Դեյն իր կարիերան սկսել է 1939թ.-ին որպես երգչուհի, իսկ 1947թ.-ին նկարահանվել է իր առաջին ֆիլմում՝ «Սիրավեպ բաց ծովում» ( Romance on the High Seas), սակայն նրան ճանաչում են բերել հատկապես Ալֆրեդ Հիչքոկի «Մարդը, որը չափազանց շատ բան գիտեր» (The Man Who Knew Too Much ) և Մայքլ Գորդոնի «Մտերմիկ զրույց» (Pillow Talk) ֆիլմերը:

2008թ.-ին Դեյին երաժշտության ոլորտում ունեցած ավանդի համար «Գրեմմի» է շնորհվել: Դերասանուհու և երգչի կարիերայից բացի, Դեյը հիմնել է նաև կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող Doris Day Pet հիմնադրամը:






Մահացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Դորիս Դեյը (լուսանկարներ)