Ռիո Մոլի «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը (լուսանկարներ)

20:27 • 06.06.19

Հունիսի 5-ին Ռիո Մոլի «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի  «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը: «Ցավ և փառք»-ը կարող եք դիտել Սինեմա Սթարում հունիսի 12-ից։

Ֆիլմ՝ իր իսկ մասին

«Ցավ և փառք» ֆիլմը ստեղծվել է 2019 թ.-ին: Ինչպես ռեժիսորի մյուս ֆիլմերը, այնպես էլ «Ցավ և փառք»-ի գլխավոր հերոսները Ալմոդովարի մուսաներն են՝ Անտոնիո Բանդերասն ու Պենելոպե Կրուսը: Ավելի վաղ իր ֆիլմերի մասին խոսելիս հարցազրույցներից մեկի ժամանակ Ալմոդովարը նշել էր՝ իր հերոսների միջոցով ֆիլմերում ինքնաարտահայտվում է։ Այս անգամ էլ ռեժիսորը հավատարիմ է մնացել իր սկզբունքին ու այս ֆիլմում ևս իսպանացի հայտնի կինոռեժիսոր Սալվադոր Մայոյի միջոցով ներկայացրել է իր կյանքը՝ ցավի ու փառքի պահերով լեցուն:

Ժապավենի նկարահանումները կատարվել են հենց ռեժիսորի տանը, իսկ իրադարձությունները զարգանում են Ալմոդովար եղբայրներին պատկանող «El Deseo» ստուդիայում։ Սա թեպետ կոնկրետ դրվագներով չի ներկայացնում ռեժիսորի կյանքը, սակայն ամբողջությամբ ներկայացնում է իր հույզերը, զգացմունքներն ու ցավերը: Ֆիլմում, ինչպես միշտ, Ալմոդովարը ներկայացրել է իսպանական տաք գույները, հատկապես կարմիրը, որը համարվում է Ալմոդովարի ֆիլմերի առանցքային գույնը, ռեժիսորը ներկայացրել է նաև իսպանացի կոլորիտային կանանց, իսպանացի տաքարյուն տղամարդկանց, հետաքրքիր երկխոսություններ: Սակայն այս ամենի ֆոնին Ալմոդովարը ֆիլմի հերոսին, որ ինքն է, կարծես, առանձնացրել է իր տխրությամբ:

Ֆիլմի սցենարը

Ֆիլմի առաջին իսկ կադրում գլխավոր հերոսը՝ ռեժիսորը, սուզված է ջրում՝ փորձելով մոռանալ բոլոր ցավերի մասին: Կինոքննադատները կարծում են, որ ռեժիսորի այս ֆիլմում ջուրը խորհրդանշում է հունական դիցաբանության «Լետա» մոռացության գետը, այսինքն՝ ռեժիսորը փորձում է մոռանալ այն հուզական ու մարմանական ցավերը, որոնք ուղեկցել են իրեն ամբողջ կյանքի ընթացքում: Սալվադոր Մայոն տառապում է ցավերից՝ մեջքի, գլխի: Նա դիմում է թմրանյութերի օգնությանը, որոնք, սակայն, ևս չեն օգնում:

Ֆիլմը կառուցված է հիշողությունների վրա. դրանք հատվածներ են ռեժիսորի մանկությունից, երիտասարդությունից, երբ հանդիպել է առաջին սիրուն: Հենց այդ դեպքերն են կերտել նրան այնպիսին, ինչպիսին նա հիմա է: Այսինքն՝ ֆիլմում ռեժիսորը ներկայացնում է այն բոլոր առանցքային դեպքերը, որոնք ազդեցություն են ունեցել իր կայացման ու հոգեհուզական աշխարհի ձևավորման վրա:

Ֆիլմում ռեժիսորն իր կյանքը բաժանել է երկու մասի: Մինչև ստեղծագործական դադար և դրանից հետո: Երկար ժամանակ չստեղծագործելուց հետո ռեժիսորը, կարծես, նոր իմաստ է գտնում ապրելու և ստեղծագործելու, երբ պատահականորեն հանդիպում է իր երբեմնի սիրուն, ում չէր հանդիպել ավելի քան 30 տարի։

Ինքն Ալմոդովարը «Ցավ և փառք» ֆիլմն անվանում է արարչի և իր շրջապատի տրիլոգիայի ավարտը։

Ֆիլմի հաջողությունները

Շատ կինոքննադատներ Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմը համարում են ռեժիսորի լավագույն ֆիլմը: Այն 2019 թ. Կաննի 72-րդ կինոփառատոնում գլխավոր հերոսին մարմնավորող Անտոնիո Բանդերասին բերեց ոսկե արմավ՝ «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում:






Ռիո Մոլի «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը (լուսանկարներ)