Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարը 137 տարի անց շինարարություն իրականացնելու արտոնագիր է ստացել

17:58 • 07.06.19

Իսպանիայի Կատալոնիա ինքնավար շրջանի մայրաքաղաք Բարսելոնայի քաղաքապետարանը հավանություն է տվել Սուրբ ընտանիքի քավության (Սագրադա Ֆամիլիա) տաճարում շինարարական աշխատանքներ իրականացնելուն: Ինչպես նշում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են տաճարի մամուլի ծառայությունից:

Շինարարության արտոնագիրը թույլ կտա շարունակել տաճարի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի շինարարական նախագիծը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ.-ի հոկտեմբերին Սուրբ ընտանիքի քավության տաճարի ղեկավարությունը պարտավորվել էր Բարսելոնա քաղաքին 36 մլն եվրո վճարել այն բանի համար, որ տաճարը 137 տարի շինարարական աշխատանքների թույլտվություն չի ունեցել: Կողմերը համաձայնության էին եկել, ըստ որի՝ տաճարը 10 տարվա ընթացքում կվճարի ամբողջ գումարը, որը կուղղվի տաճարի շրջակայքում տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը:

Սագրադա Ֆամիլիա տաճարի կառուցումը սկսվել է 1882թ.-ին՝ Անտոնիո Գաուդիի նախագծով: Այս ամբողջ ընթացքում տաճարը կիսակառույց է մնացել: Ծրագրվում է, որ շինարարությունն ավարտին կհասցվի մինչև 2030 թ.-ը:

Ըստ նախագծի՝ կառույցը պետք է լիներ խաչի նման, այսինքն՝ քառաթև, և պետք է ունենար երեք ճակատային մաս՝ Քրիստոսի կյանքի կարևորագույն հատվածների պատկերներով՝ ծնունդը, կյանքը, Հուդայի դավաճանությունն ու մատնությունը, Տիրոջ խաչվելն ու հարությունը։ Գաուդիի կենդանության օրոք կառուցվել է միայն առաջինը։ 



Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարը 137 տարի անց շինարարություն իրականացնելու արտոնագիր է ստացել