«Ուլիխանյան» ջազ ակումբը վերաբացվեց նոր հասցեում (լուսանկարներ)

23:50 • 08.06.19

Երևանում տեղի ունեցավ «Ուլիխանյան» ջազ ակումբի բացման արարողությունը: Ակումբը տեղափոխվեց Սայաթ-Նովա փողոց՝ հիմք վերցնելով բացառապես ջազային երաժշտությունը և մշակելով ծրագիր, որտեղ միայն ջազն է՝ իր ուղղություններով:

Գոյության տասը տարիների ընթացքում ակումբը դարձել է ընտանիք երաժիշտների համար: Շատերն ակումբի կողքին են հիմնադրման հենց առաջին օրվանից:

«Այս ակումբն ի սկզբանե եղել է երաժիշտների և երաժշտասերների նախընտրելի ակումբը: Սա հարթակ է, որտեղ երաժիշտները կարող են արտահայտվել, անկախ տարիքից և փորձառությունից: Այստեղ յուրահատուկ է. երաժիշտները տեղում՝ բեմի վրա, ստեղծում են երաժշտություն: Հաջորդ սերունդը, լսելով նախորդին, պետք է իր ձայնը հանի: Այստեղ այդ հնարավորությունը տրված է»,- ասաց երաժիշտ Վահագն Հայրապետյանը:

«Ուլիխանյան» ջազ ակումբի բացման փառատոնը տևելու է մինչև հունիսի 15-ը, այնուհետև ակումբը կմեկնարկի իր աշխատանքը և բաց կլինի կեսօրից մինչև կեսգիշեր: Ակումբի ջազային մթնոլորտը հիշարժան կդարձնի յուրաքանչյուր այցելուի երեկոն:

«Ջազը ապրելակերպ է: Հայաստանում այն զարգանում է, իսկ երիտասարդ սերունդը լավն է: «Ուլիխանյան» ակումբը տուն է, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ կարևորվում է, հարթակ, որտեղ երաժիշտները ծանոթանում են, ընկերանում: Սա երաժիշտների ակումբ է երաժշտասերների համար»,- ասաց համահիմնադիր Վարդան Ուլիխանյանը:

«Ուլիխանյան» ջազ ակումբը հիմնադրվել է երաժիշտ եղբայրներ Վարդան և Մարտին Ուլիխանյանների կողմից և մինչև այսօր ծառայում է իր նպատակին:

«Շատերը զարմանում են, որ այսքան ջազմեններ ունենք, նրանց համար այստեղ նվագելը հաճույք է, ոչ թե աշխատանք: Լսարանը որակյալ է, այցելուներին այստեղ սպասվում է ջազային ծրագիր՝ համապատասխան մթնոլորտով»,- ասաց համահիմնադիր Մարտին Ուլիխանյանը:

«Ուլիխանյան» ջազ ակումբի բացման փառատոնում ներգրավված են հիսունից ավելի երաժիշտներ:















«Ուլիխանյան» ջազ ակումբը վերաբացվեց նոր հասցեում (լուսանկարներ)