Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը կլինի Cyberpunk 2077 համակարգչային խաղի հերոսներից մեկը (տեսանյութ)

14:28 • 10.06.19

«Մատրիցա» ֆիլմի աստղ, 54-ամյա Կիանու Ռիվզն անակնկալ է մատուցել իր երկրպագուներին` հայտարարելով, որ որպես կերպար հանդես կգա Cyberpunk 2077 համակարգչային խաղում, որը վաճառքում կհայտնվի մյուս տարվա ապրիլի 16-ին:

Դերասանն այդ մասին ասել է Լոս Անջելեսում Microsoft's E3 կոնֆերանսի ժամանակ, հայտնում է dailymail.co.uk-ը:

Երկրպագուներին ողջունելով՝ դերասանը նշել է, որ լեհական CD Projekt Red խաղային ընկերության կողմից առաջարկ է ստացել իրենց նոր նախագծին՝ Cyberpunk 2077 մասնակցելու համար:

Հանրահայտ դերասանի պնդմամբ՝ խաղի սյուժեն և այնտեղ գտնվելու, ապագայի փողոցներով քայլելու միտքը նրան մեծ ոգևորություն է հաղորդել, ուստի մեծ հաճույքով է ընդունել առաջարկը:

Դեռևս հստակ չէ, թե համակարգչային խաղում ինչ կերպարով է հանդես գալու Ռիվզը: Խաղի թրեյլերում ներկայացված հատվածում նրա կերպարը հայտնվում է էկրանին և ասում՝ «Գրողը տանի, վե՛ր կաց, սամուրայ, մենք դեռ պետք է քաղաքն այրենք»:

Նշվում է, որ խաղում իրադարձությունները ծավալվում են 2077 թվականին, հորինված քաղաքում:

 

 

 

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը կլինի Cyberpunk 2077 համակարգչային խաղի հերոսներից մեկը (տեսանյութ)