Չեմ փորձի ծածկադմփոց անել՝ «Իմ քայլը»-ում դրական վերաբերմունք կա Վ. Գրիգորյանի նկատմամբ․ Միրզոյան (տեսանյութ)

17:31 • 18.06.19

Չեմ փորձի ծածկադմփոց անել՝ «Իմ քայլը»-ում դրական վերաբերմունք կա Վահե Գրիգորյանի նկատմամբ․ Արարատ Միրզոյան

Գուցե նրա համար, որ նա ֆրակցիայի հետ երկար հանդիպում է ունեցել, գուցե նրա համար, որ Վահե Գրիգորյանին մի մասը վաղուց երկար ժամանակ ճանաչում են և հնարավորություն ունեցել են նրա հետ այս կամ այն մտահոգիչ հարցի շուրջ զրուցել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչու ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին  խորհրդարանականները քիչ հարցեր տվեցին։ Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չի:

«Բայց ես չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունները ծածկադմփոց անելու փորձ անել կամ փարիսեցիության տպավորություն թողնել: Գիտեք՝ «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ՝ թաքցնելու բան չկա»,- շարունակեց Միրզոյանը։

Արձագանքելով դիտարկմանը, որ Վահե Գրիգորյանն ընդդիմությանը չհամոզեց, որ ՍԴ անաչառ անդամ է լինելու, ԱԺ նախագահը նկատեց, որ Վահե Գրիգորյանին կողմ քվեարկողներն իրենց պատգամավորերի թվից շատ էին։

Արարատ Միրզոյանը խոսեց նաև վեթինգից՝ նկատելով, որ դա պետք է իրականացներ ԲԴԽ-ն։ Նա շեշտեց, որ եթե մինչ այս այդ կառույցն իրականացրած լիներ իր գործառույթները, ապա չի բացառվում, որ այսօր  դատական համակարգի  ճգնաժամը չլիներ։

«Եթե մինչ այժմ ԲԴԽ-ն իսկապես իրականացրած լիներ այդ գործառույթը, գուցե այս ճգնաժամի առջև չկանգնեինք, ինչի մասին վկայում է նաև դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը: Ասես՝ նաև ԲԴԽ-ում են շատ լավ հասկացել իրենց անգործության հետևանքները։ Ես իրենց հրաժարականների շարքն այսպես եմ ընկալում»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Վերջինս հավելեց, որ վեթինգ ենթադրող ոչ թե մեկ, այլ մի քանի նախագիծ կա օրակարգում։

ՀեղինակԱնի Օհանյան