«Սերսեա թագուհին» դժգոհ է «Գահերի խաղը» սերիալի վերջին սերիայում իր մահից
Անգլիացի դերասանուհի Լենա Հիդիին դուր չի եկել «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի վերջին սերիայում իր հերոսուհու՝ Սերսեա Լանիսթեր թագուհու մահը:
«Եթե մենք երբևէ խմենք (սերիալը ստեղծողներ) Դևիդ Բենիոֆի և Դենիել Վայսի հետ, ապա ես նրանց կասեմ, որ ավելի լավ մահ կցանկանայի Սերսեային»,- նշել է դերասանուհին:
Լենա Հիդին The Guardian-ի հետ զրույցում նշել է, որ կիսում է երկրպագուների հիասթափությունը, քանի որ նա նույնպես իր կերպարի համար ավելի լավ վերջաբան էր ակնկալում։
Այնուամենայնիվ, նա չի մեղադրում սցենարի հեղինակներին։
«Կարծում եմ՝ նրանք չէին կարող միևնույն ժամանակ գոհացնել հեռուստասերիալի բազմահազարանոց երկրպագուներին»,- ասել է նա։
Սերսեա Լանիսթերը համարվում է հեռուստատեսային պատմության մեջ «ամենալավ» բացասական կերպարներից։ Նա խորամանկ, սառնասիրտ կին է։ Հեռուստասերիալի երկրպագուների կարծիքով՝ նա ավելի «հետաքրքիր» մահվան էր արժանի։
Հիշեցնենք, որ աղմկահարույց վերջին դրվագում Դեյեներիս Թարգարիենի (Էմիլիա Կլարկ) վիշապը հարձակվում է թագուհու վրա։ Նրա եղբայրը՝ Ջեյմե Լանիսթերը (Նիկոլայ Կոստեր-Վալդաու) վերադառնում է՝ հույսով, որ նավով կկարողանան փախչել։ Սակայն հայտնաբերելով, որ շրջափակման մեջ են, նրանք փարվում են միմյանց և բախվելով աղյուսներին՝ կնքում իրենց մահկանացուն։












