«Դոմոդեդովո» օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել ինքնաթիռը, որով թռչելիս է եղել Ֆիլիպ Կիրկորովը

21:16 • 18.06.19

Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը, որով թռչելիս է եղել ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովն իր երկու երեխաների հետ, արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, օդանավը կատարելիս է եղել Վառնա-Մոսկվա չվերթը: Երգիչը վերադառնում էր Բուլղարիայում անցկացված հյուրախաղերից:

Աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռը կոշտ վայրէջք է իրականացրել՝ շասիով հարվածելով թռիչքուղուն, որից հետո երկրորդ շրջանն է կատարել:

Նշվում է, որ օդանավում խուճապից խուսափել հաջողվել է բորտուղեկցորդների շնորհիվ, որոնք հանգստացրել են ուղևորներին: Երկրորդ փորձից անձնակազմին հաջողվել է վայրէջք կատարել:

Կիրկորովի կողքին նստած ուղևորուհին պատմել է, որ ուժեղ հարված է եղել, որից հետո մարդիկ սկսել են բղավել, լաց լինել և աղոթել: Նրա խոսքով՝ իրենց ոչինչ չեն բացատրել, միայն ասել են, որ ամեն ինչ կարգին է:

Կիրկորովն ինքը ցնցվել է և ասել, որ իր հետ երբևէ նման բան տեղի չէր ունեցել: Նրա երեխաները չեն հասցրել ինչ-որ բան հասկանալ և վախենալ: