ՇՊՀ–ի առաջնային խնդիրը մենեջմենթի իսպառ բացակայությունն է, անհրաժեշտ են կոմպետենտ կադրեր. քննարկում

13:44 • 18.06.19

Հայաստանում այսօր քննարկվում են անցումային արդարադատության հարցերը, սակայն կարծում եմ, որ պետք է դիտարկել անցումային կրթությանն անցնելու դրույթները. այս մասին «Մարզային բուհեր. Բարձրացնել կրթության որա՞կը, թե լուծարել բուհը. Որո՞նք են լուծումները» թեմայով քննարկմանն ասաց «Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ Միշա Թադևոսյանը:

«Մեր ակադեմիական հանրույթը երկար տարիներ բուհերը ծառայեցրել է կուսակցական ու քաղաքական շահերի համար, ինչի պատճառով այսօր տեսնում ենք նման արդյունքներ, ինչպիսին Շիրակի համալսարանում է»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Թադևոսյանը նշեց, որ այդտեղ կան նաև դրական գործընթացներ: «Որովհետև կա ազատ խոսքի իրավունք, բազմակարծություն։ Եթե նախկինում մենք ունեինք բուհեր, որտեղ մեկ քննարկումով որոշում էր կայացվում, այսօր ունենք բուհի ներքին շահառուներ, որոնք կարծիք են հայտնում, իսկ թե արյդոք այդ կարծիքը դրական, թե բացասական ազդեցություն է ունենում, ապագայում կարող ենք տեսնել»,- ասաց նա:

Միշա Թադևոսյանի խոսքով՝ մարզային բուհերի խնդիրները որքան տարբեր, այդքան էլ նման են: «Մարզային բուհերը, լինելով Երևանից դուրս, ունեն նույնանման խնդիրներ: Հաճախ, երբ մենք խոսում ենք բուհերի մասին, միջազգայնացման ռազմավարություն ենք մշակում, դրանց կիզակետում լինում են այն պետական բուհերը, որոնք գտնվում են Երևանում: Այստեղ միջմարզային անհավասարության հարց է առաջանում՝ արդյոք պետությունը բարձրագույն կրթության քաղաքականություն մշակելիս ունենում է տարբեր մոտեցումներ՝ պայմանավորված նրանով, թե որտեղ է գտնվում բուհը»,- ասաց նա և հավելեց, որ պետք է մարզային բուհերի համար մշակել աջակցության այլ մեխանիզմներ, որովհետև այս բուհերն ունեն շատ սպեցիֆիկ խնդիրներ, այդ բուհի շահառուներն ունեն մասնագիտական առաջխաղացման ավելի քիչ հնարավորություններ:

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այս տարի համալսարանում դիմորդների թիվն աճել է, այլ ոչ թե նվազել: «Դա նաև վստահության գործընթացի վերականգման արդյունք է»,- ասաց նա։

Կարեն Ավագյանը նաև նշեց, որ գյումրեցի բազմաթիվ հաջողակ դասախոսներ, գիտնականներ, որոնք գործունեություն են ծավալում Երևանում, շատ հետաքրքրիր պատճառներով չուզեցին վերադառնալ մայր բուհ և զարգացնել այն:

«Հարցը, երևի, առավել մեծ հնարավորություններն են Երևանում: Կարելի է առաջարկել ավելացնել աշխատավարձը մարզային բուհերում: Շատ ազդեցիկ գործոն եմ համարում հիմա աշխատավարձի բարձրացումը, որ կլուծի շատ խնդիրներ համալսարանի համար»,- նշեց նա:

Գյումրիի «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանն էլ ասաց. «Շիրակի պետական համալսարանում գոյություն ունեցող առաջին խնդիրը մենեջմենթի իսպառ բացակայությունն է։ Ներկայումս համալսարանում չկա կառավարում, ուստի անհրաժեշտ է կոմպետենտ կադրեր նշանակել, որոնք կկարողանան ոտքի կանգնեցնել համալսարանը»:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Սեյրան Մարտիրոսյանն էլ ավելացրեց. «Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը աշխատում է, դրա վկայությունը ռեկտորների բաց, առանց սահմանափակումների ընտրությունն է, ինչպես նաև նրանց ծրագրերը համալսարանի կայքում տեղադրելը։ Այս քայլերը մոդելային քայլեր են, որոնք բոլոր կառույցների համար պետք է ուսանելի լինեն»: