Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունները
18:02
Ընդմիջումից հետո դատավորը Հայկ Ալումյանին ասաց, որ կլսի նրան: «Լսում եմ ձեր առարկությունը, որպեսզի բնականոն աշխատանքը չխաթարվի, դատարանը որոշում է հնարավորություն ընձեռել, այս պահին ի՞նչ ունեք ասելու, ասե՛ք»,- ասաց դատավոր Դանիելյանը:
Հայկ Ալումյանն էլ նշեց, որ առարկում է դատարանի գործողությունները հետևյալ մեկնաբանություններով. «Այս դատավարությունը չունի իր նախադեպը և այս դատավարության ընթացակարգը որևէ ձևով կարգավորված չէ քրեական դատավարության օրենսգրքով: Հետևաբար` դատարանը, առավել ևս, պարտավոր էր կողմերին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչը դատարանը չէր արել»,- ասաց Ալումյանը:
Դատավորն էլ առարկեց. «Բայց արել է»:
Հայկ Ալումյանն էլ նշեց, որ դատարանը չի մասնավորեցնում, թե ինչ իրավունքներ ունեն այս դատավարությունում իրենք: «Ունե՞նք արդյոք միջնորդություններ ներկայացնելու իրավունք եթե այո, ապա ո՞ր փուլում: Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց հետո որևէ գործողություն տեղի չի ունեցել»,- ասաց Ալումյանը:
Դատավոր Դանիելյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ չեն եկել որևէ մեկի հետ վիճաբանելու համար: «Անձամբ ես դրա համար չեմ եկել: Ես դրա համար ընդմիջում վերցրեցի, որ կրքերը հանդարտվեն: Ես բոլորիդ հորդորում եմ պահպանել համատեղ հարգանքը և կարգը դատական նիստում և ինչը մենք պետք է քննարկենք, քննարկենք հարգանքի մթնոլորտում: Ես չեմ ուզում ավելին ասել, որևէ մեկին վիրավորելու միտում չունեմ: Եթե փոքր-ինչ լարվածություն է առաջացել, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը: Ես որևէ մեկին նեղացնելու միտում չունեմ»,- ասաց դատավորը:
Հայկ Ալումյանը դատավորին ասաց, որ եթե դատավարությունն ընթանալու է քրեական դատավարության օրենքի 288 հոդվածի կանոններով, դա մի հարց է, եթե ընթանալու է Վերաքննիչ դատարանում գործերի քննության ընդհանուր կանոններով, դա ուրիշ հարց է: Արմեն Դանիելյանն էլ նշեց, որ ինքն այդ հարցին պատասխանել է, ասել է, որ դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ ակտեր կայացնելու:
Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց համար նաև հասկանալի չէ՝ առանձին դատական ակտե՞ր են լինելու խափանման միջոցի հետ կապված, Սահմանադրական դատարան դիմելու որոշման հետ կապված, կասեցման հարցի հետ կապված, թե՞ որոշները մի դատական ակտով են որոշվելու:
Դատավորն էլ պատասխանեց, որ Սահմանադրական դատարան դիմելու և կասեցման վերաբերյալ կայացվելու է մեկ որոշում, իսկ խափանման միջոցի համար մեկ այլ:
Հայկ Ալումյանի և դատավորի այս երկխոսություն-պարզաբանմանը միջամտեց տուժող կողմի պաշտպան Սեդա Սաֆարյանը: «Ես ոնց հասկացել եմ՝ այս նիստը ձգձգելու և անիմաստ հարցեր բարձրացնելու հնարավորություն եք տվել կասկածվող կողմին»,- ասաց Սաֆարյանը՝ դիմելով դատավորին։ Դատավոր Դանիելյանն էլ պատասխանեց. «Տիկի՛ն Սաֆարյան, նստեք, ես Ձեզ կլսեմ, ես ոչ մեկին հնարավորություն չեմ տվել»:
Սեդա Սաֆարյանն առարկեց.«Կազմակերպչական բնույթի հարցերի դեպքում Դուք պետք է վերցնենք նախաձեռնությունը և Ձեր գործը պետք է անեք, ոչ թե մենք պետք է ասենք, պարոն Ալումյանը չպետք է Ձեզ ասի դրանք»:
Դատավորն էլ նշեց, որ ինքն իր գործը լավ գիտի, և եթե Սաֆարյանը դժգոհություն ունի, թույլ կտա, որպեսզի այդ դժգոհությունն արտահայտի: «Թույլ տվեք Ալումյանի հետ ավարտենք»,- ասաց դատավորը:
Հայկ Ալումյանը հարցրեց՝ արդյո՞ք խափանման միջոցի հետ կապված քննությունը համապատասխանելու է Քրեական դատավարության օրենսգրքի 288 հոդվածի կանոններին, թե այլ կանոններին է վերաբերվելու: «Այդ հարցը, որ ինձ տալիս եք, ինչի՞ համար եք տալիս, որ սխալ թույլ տա՞մ, հետագայում ասեք սխա՞լ է թույլ տվել»,- ի պատասխան հարցրեց դատավորը:
Հայկ Ալումյանն էլ ասաց, որ նման ցանկություն չունի և որ իրենք միջնորդություն ունեն, իրենց հետաքրքիր է երբ, որ փուլում կարող են միջնորդությունը ներկայացրել: Դատավորն էլ ասաց, որ այս փուլում դատական ստուգումներ են անում, հնարավոր չէ՞ դրանից հետո ներկայացնեն միջնորդությունները:
Դատական նիստը շարունակվում է:
16։12
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արթուր Դանիելյանը գործով տուժող Արթուր Ավագյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի և մյուս 3 կողմերի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց:
«ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, քննության առնելով գործով տուժող Արթուր Ավագյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի ինձ՝ դատավոր Դանիելյանիս, ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները, ղեկավարվելով Դատական օրենսգիրք սահամանդրական օրենքով և Քրեական դատավարության օրենսգրքով որոշեցի՝ ինձ դատավոր Դանիելյանիս, իքնաբացարկի միջնորդությունը մերժել: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը:
16 ։ 08
Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց տուժող կողմի միջնորդությունը ինքնաբացարկ հայտնելու մասին:
Դատավոր Արմեն Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դատական նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ քանի որ դատական նիստը երկար է տևելու ու հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանին ելույթ ունենալու հերթ չհասնի, նա չի ներկայացել նիստին: Դատարանը կարող է որոշումը առանց Քոչարյանի էլ հրապարակել: «Բացի այդ, եթե դատարանը կգտնի, որ պարտադիր է Քոչարյանի ներկայությունը, նա կարող է ցանկացած պահի ներկայանալ»,- ասաց Ալումյանը:
Դատարանը կողմերից ճշտեց՝ արդյոք կարո՞ղ են նիստն առանց մեղադրյալի շարունակել, ոչ տուժող կողմը, ոչ մեղադրող կողմը, ոչ էլ պաշտպանության կողմը չառարկեցին:
15 ։ 46
Շուտով կմեկնարկի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, մինչ այդ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում պաշտոնաթող նախագահի կողմնակիցները:
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցում։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:
Նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ բացարկի դիմում ներկայացնելու միջնորդությունը, ապա նման միջնորդություն էր ներկայացրել տուժող կողմը: Դատական նիստին դատավորը կհայտնի որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելո՞ւ է, թե՞ ոչ:










