Մադուրոն հայտնել է, թե ինչ է արժեցել իր դեմ 2018 թվականին կատարված մահափորձը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ կատարված մահափորձը 20 մլն դոլար է արժեցել:
«Իմ դեմ օգոստոսի 4-ին իրականացված մահափորձը 20 մլն դոլար է արժեցել, և դրանից ընդամենը մի քանի հազարն են տվել այդ հիմարներին, մնացածը մնացել է հանցագործ պատգամավորի՝ Խուլիո Բորխեսի գրպանում»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:
Նա շնորհակալություն է հայտնել հետախուզության ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցներին նախագահին պաշտպանելու ժամանակ ցուցաբերած արիության համար:
Հիշեցնենք, որ Մադուրոյի դեմ մահափորձն իրականացվել էր 2018թ.-ի օգոստոսի 4-ին: Ինչպես հաղորդել է երկրի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, Կարակասում շքերթի ժամանակ պայթուցիկով բեռնված մի քանի անօդաչու թռչող սարք դեպի նախագահ Մադուրոյի ամբիոն էր շարժվել: Հարձակման հետևանքով 7 գվարդիական վնասվածքներ էր ստացել, իսկ ինքը՝ նախագահը, չէր տուժել:










