Երկրպագուները Կիանու Ռիվզին Times-ի վարկածով տարվա մարդ ճանաչելու մասին խնդրագիր են ստորագրել

11:07 • 19.06.19

Կանադացի դերասան Կիանու Ռիվզի երկրպագուները պահանջում են նրան Time պարբերականի վարկածով տարվա մարդ ճանաչել, գրում է change.org-ը:

Կայքում օրեր առաջ նման պահանջով խնդրագիր է հայտնվել, որն արդեն ստորագրել է ավելի քան 26 000 մարդ:

Նշվում է, որ Ջոն Ուիքի մասին պատմող ֆիլմում նկարահանվելուց հետո Ռիվզը կրկին հոլիվուդյան գլխավոր աստղերի շարք է վերադարձել: Վերջին տարում նա նաև համացանցի աստղ է դարձել, իսկ նրա սխրանքների մասին սոցկայքերում բազմաթիվ «մեմեր» են հայտնվել:

Մարտին հայտնի էր դարձել, որ Ռիվզն օգնել է Սան Ֆրանցիսկոյից Լոս Անջելես մեկնող ինքնաթիռի ուղևորներին, երբ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում: Ինքնաթիռում գտնվող 54-ամյա դերասանն իջել է, համաձայնության եկել Լոս Անջելես գնացող մեքենաների հետ և ուղեկցել ուղևորներին: