Ինդոնեզիայի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու գործընթացը կսկսվի 2021 թվականին
Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն հաղորդել է, որ երկրի ներկայիս մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու գործընթացը կսկսվի 2021 թվականից, հայտնում է news.rambler.ru լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Xinhua գործակալությանը։
«Շինարարական աշխատանքները կսկսվեն 2021 թվականից, և լիահույս ենք, որ տեղափոխման գործընթացն ամբողջովին կավարտենք 2024 թվականին»,-հայտնել է նախարարը։
Նա ենթադրել է, որ նոր մայրաքաղաքը կհայտնվի Կալիմանտան կղզում, իսկ տեղափոխման գործընթացը կարժենա 32,5 մլրդ դոլար:
Ավելի վաղ Ինդոնեզիայի իշխանություններն այս գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ ծախսերը գնահատել էին 22,6 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ապրիլի վերջին երկրի մայրաքաղաքը Ճավա կղզուց տեղափոխելու որոշում էր կայացրել։
Uber ընկերության իրականացրած հետազոտության համաձայն՝ վարորդները տարեկան 22 օր անցկացնում են խցանման մեջ, ինչը Ասիայում ամենաբարձր ցուցանիշն է։ Մեկ այլ հաղորդման համաձայն՝ Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաքն ամենածանրաբեռնված մեգապոլիսների ցուցակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։










