Քաղաքապետարանը նույն գնով և նույն կազմակերպությունից, ինչ նախկին իշխանությունը, 500 նստարան է ձեռք բերել. այսինքն՝ եկանք նրան, որ կոռուպցիա չկա՞ր. Թ. Վարդանյան
Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 160 հազար դրամ արժողությամբ 500 նստարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Կարծեմ՝ նույն գնով է ձեռք բերվել, մրցույթն էլ հաղթել է նույն կազմակերպությունը, ինչ նախկին քաղաքային իշխանության օրոք էր հաղթել: Եթե նախկինում բողոքում էինք, որ Տարոն Մարգարյանը չընտրված իշխանության ներկայացուցիչ է, հանրապետական է, կոռուպցիա կա, ի՞նչ է նշանակում այդ նստարանը 160 հազար դրամով ձեռք բերել:
Հիմա պետք է մեկնաբանություն տա քաղաքային իշխանության որևէ անդամ, թե ինչու է և´ նախկինում, և´ ներկայումս նույն կազմակերպությունը հաղթում: Նախկինում իրենց քաղաքական թիմի առաջնորդը, այն ժամանակ «Ելք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն և ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարացիորեն բողոքում էր նստարանների գներից, բարձրաձայնում էր այդ հարցը, ինչո՞ւ է նոր քաղաքական թիմի իշխանության օրոք ևս 160 հազար դրամով նստարան ձեռք բերում»,- ասաց Թեհմինա Վարդանյանը և հավելեց.
«Այսինքն՝ մենք եկանք նրան, որ կոռուպցիա չկա՞ր նախկին իշխանությունների ժամանակ: Շատ վատ է, որ էլի նույն բարքերն ու վարքերն են, շատ վատ է, որ էլի երևանցու վրա մեկ նստարանը նստելու է 160 հազար դրամ՝ ոչ ավել, ոչ պակաս 160 հազար դրամ»:
Tert.am-ը փորձեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից պարզել, թե արդյո՞ք քաղաքապետարանը 160 հազար դրամ արժողությամբ նստարաններ է ձեռք բերել և արդյո՞ք մրցույթը հաղթել է նույն կազմակերպությունը, որը հաղթել էր նախորդ քաղաքային իշխանությունների ժամանակ, սակայն Կարապետյանն ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք: Հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն:










