Ամեն ինչ հողին է հավասարվել. Արմավիրի մարզի բնակիչները` կարկուտից կրած վնասի մասին (տեսանյութ)

16:22 • 29.06.19

Արմավիրի մարզում, ամբողջ բերքը ավերվել է, խեղճ գյուղացին ի՞նչ անի, բոլորը պարտքերի տակ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեցին Արմավիրի մարզի Այգեվան համայնքի բնակիչները` ներկայացնելով, թե ինչ վնաս են կրել երեկ տեղացած ուժգին կարկուտից:

«Ամեն տարի նույն պատմությունն է: 500-700 հեկտար ծիրանենու այգիներ է վնասվել` չհաշված բանջարեղենը. ամեն ինչ հողին է հավասարվել»,-նշեց գյուղատնտեսներից մեկը:

Մեկ ուրիշ գյուղացի ասաց, որ 15-17 միլիոն դրամի չափով վնաս են կրել: «Այսօր Արմավիրի մարզի գուղվարչության պետն էր եկել, ով անձամբ նայեց և գնահատեց, որ 80-100 տոկոս վնաս կա: Գյուղվարչության պետը բոլորը մարզպետին կներկայացնի, մարզպետն էլ` կառավարությանը»,-ասաց նա:

«Իշխանություն է փոխվել, տեսնենք ինչ կլինի»,-ասաց մեկ այլ գյուղացիներից, ում խոսքով ինքը պարտաճանաչ վճարել է բոլոր հարկերը:

«Հիմա ո՞վ մեզ պետք է փոխհատուցի: Մեկը վարկ ունի, մեկը պարտք ունի, մեկը հիվանդ է: Անձամբ ես 80 տոկոս վնաս ունեմ, իսկ մարդ կա, որ հարյուր տոկոս վնաս է կրել»,-նշեց տուժած գյուղացին:

Գյուղացիները բողոքեցին, թե մարդիկ կան, որ 50-100 հեկտար հողեր ունեն, նրանց համար դրել են հակակարկտային կայաններ, իսկ իրենց մասին մտածող չկա:

Նշենք, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 9-ից Արմավիրի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել: