Այգեվան համայնքի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացրել Արմավիրի մարզպետարանի մոտ. պահանջում են փոխհատուցում կարկուտից վնասված բերքի համար
Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 9-ից Արմավիրի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Բենիամին Բիսլամյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում մարզպետի հետ: Խնդիրը նրանում է, որ կարկուտը ոչնչացրել է համայնքի բերքի 80 տոկոսը:
«Կարկուտը շատ վնասներ է տվել, վնասվել են թե՛ մրգերը, թե՛ բանջարաբոստանային կուլտուրաները: Վնասի չափը 80 տոկոս է կազմում: Կոնկրետ մենք 15 տոննա ծիրան ունեինք, որից 2 տոննան էինք ընդամենը հավաքել: Հիմա կարկուտից 2 տոննան թափվել է, մնացածը վնասված է ու նեխելու է թափվի»,- վստահեցրեց Բիսլամյանը:
Առավոտյան ժամը իննից բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ, Tert.am-ի զրուցակցի փոխանցմամբ, հանդիպման է եկել մարզպետարանի ներկայացուցիչը:
Մարզպետարանից համայնքի բնակիչների պահանջը մեկն է՝ վնասի չափի որոշում և փոխհատուցում:
«Ինչ-որ հանձնաժողով է հիմա գնում դաշտերը, որպեսզի պարզեն վնասի չափը»,- ասաց մեր զրուցակիցը:












