Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններին հոգևորականները ճնշումների տակ են քվեարկել, նրանց կաշառք են առաջարկել․ Արամ Աթեշյան

21:41 • 06.07.19

Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրվելը ո՛չ իմ, ո՛չ էլ Սահակ Մաշալյանի պարագայում հաղթանակ չեմ համարում: Tert.am.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ, երեկ Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Պարզապես 4-5 ամսվա ժամանակամիջոցում տեղապահը պետք է վարի պատրիարքական ընտրությունների աշխատանքները: Այստեղ ոչ մի հաղթանակ չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Պոլսո պատրիարքարանում միաբանների փակ ժողովի ժամանակ Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Բացի Սահակ Մաշալյանից, տեղապահի թեկնածու էր նաև Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Եկեղեցական ընդհանուր ժողովի դռնփակ նիստին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի օգտին քվեարկել էր 13, իսկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի օգտին՝ 11 հոգի ։

Tert.am-ի հարցին, թե այն, որ ինքը տեղապահ չընտրվեց արդյոք չի՞ նշանակում, որ համայնքում իր նկատմամբ դժգոհություն կար, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արձագանքեց, որ պետք չէ հոգևորականների որոշումը համայնքի որոշման հետ նույն կշեռքի վրա դնել: Իսկ դիտարկմանը, գուցե հոգևորականները հաշվի են առել համայնքում եղած տրամադրությունները, նա պատասխանեց․ «Ո՛չ, բացարձակապես կապ չունի: Ճնշումների տակ են քվեարկել, նյութական, կաշառք են առաջարկել, ճնշումներ են գործադրել: Ամեն ինչով էլ ազդել են հոգևորականների վրա»:

Նա չհամաձայնեց՝ պատրիարքի տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանի արտահայտած մտքի հետ, որ տեղապահի ընտրությունները ժողովրդավարական ճանապարհով են անցել: «Ժողովրդավարական կլինեն արդեն պատրիարքական ընտրությունները, ոչ թե տեղապահի ընտրությունները: Տեղապահի ընտրություններին միմիայն հոգևորականներն են մասնակցել: Իսկ պատրիարքական ընտրություններին ով որ շահի, նա ժողովրդավարական ճանապարհով հաղթանակ կտանի»,- ասաց նա:

Այս ամենի հետ մեկտեղ՝ Արամ սրբազանի խոսքով՝ իր հարաբերությունները Սահակ Մաշալյանի հետ շատ լավ են, խնդիրներ չունեն: «Խնդիր լինելու անհրաժեշտություն էլ չկա»,- ասաց նա:

Նա ներկայացրեց ընտրությունների նախապատրաստման գործընթացը․ ամեն թեկնածու իր պատգամավորն է ընտրելու, որոնց էլ ժողովուրդը պետք է քվե տա, իսկ ընտրված թեկնածուները իրենց քվեները կտրամադրեն պատրիարքի այն թեկնածուին, որին աջակցում են: Արամ Աթեշյանն ասաց, որ ինքը արդեն ունի իրեն աջակից պատգամավորները: Նա չպատասխանեց հարցին, թե ովքեր են նրանք: «Ձեր ինչի՞ն է պետք այդ մասին հիմա իմանալը: Երբ արդեն թեկնածուները հայտնի լինեն, երբ ընտրապայքարը սկսվի, այդ ժամանակ ամեն թեկնածուի պատգամավորներն էլ հայտնի կդառնան»,- ասաց նա:

Նա նշեց, որ Թուրքիան ոչ մի կերպ չի միջամտի Պոլսի պատրիարքական ընտրություններին: Ասաց նաև, որ առանց պետությունից ընտրությունների կանոնադրությունը ստանալու ընտրական գործընթաց նախաձեռնել էլ չեն կարող, իսկ թե երբ կլինի կանոնադրությունը, նա դժվարացավ պատասխանել:

Արամ Աթեշյանը բացատրեց, որ Մեսրոպ պատրիարքի հիվանդությունից հետո մինչ այժմ պատրիարքի ընտրություններ չեն եղել, և ինքը 9 տարի փոխանորդի աթոռն է զբաղեցրել, քանի որ իրենց կողմից ընդունված կանոնադրությունն էր պահանջում:

«Պետության հետ կապ ուներ դա, և եկեղեցական համագումարը որոշել էր, որ մինչև պատրիարքի մահը ընտրություն չպետք է լինի: Պատրիարքը մահացել է, արդեն ընտրություններ անցկացնելու ուղղությամբ կաշխատենք»,- ասաց նա:

Պատրիարք ընտրվելու համար, ինչպես ամեն թեկնածու, այնպես էլ ինքը պայքարելու է, սակայն առանձնակի սպասումներ չունի: «Ով ընտրվեց, պատրիարք է, չընտրվեց՝ եպիսկոպոս է, պետք է շարունակի պաշտոնավարել: Պատրիարք չընտրվելով՝ հոգևորականությունը ոչ ոք չի թողնելու: Եկեղեցու անդամ ենք, բոլորս էլ մեր գործերն ունենք»,- ասաց նա:

Հարցին, թե որքանով է իր համար կարևոր Պոլսի հայոց պատրիարք ընտրվելը, Արամ Աթեշյանը պատասխանեց․ «Դա ինձ համար, բնավ կարևոր չէ: Պատրիարքական աթոռին բազմողը պետք է չարչարվի: Պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել: Մեսրոպ պատրիարքի օրինակն էլ վերջինն է»:

Իսկ դիտարկմանը, թե Պոլսո պատրիարքի փոխանորդը լինելով՝ համագործակցել է նաև պետության հետ, իր ասելով՝ պատրիարքարանի շահերն առաջ տանելու համար, կարծո՞ւմ է՝ ընտրություններում նրան կաջակցեն, նա պատասխանեց․ «Առանց պետության հետ համագործակցելու՝ չես կարող: Ամեն երկրում էլ պետության հետ պետք է հաշտ լինես: Շատ պարզ է դա»:

Նա նաև «պարապ հարց» համարեց դիտարկումը, որ պետությունը գուցե նրան աջակցի ընտրություններում: «Պետությունը գործընթացին չի խառնվելու: Նրա խնդիրը չէ, թե ով կլինի պատրիարքը»,- ասաց նա: