Բնապահպան Աննա Շահնազարյանը խարդախության կասկածանքով ձերբակալվել, ապա բաց է թողնվել. վերջինս ոստիկանությանը մեղադրում է անօրինական գործողություններ կատարելու մեջ (տեսանյութ)

23:40 • 07.07.19

Հուլիսի 6-ին, ժամը 18։00-21։00, Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան իրավապաշտպան Աննա Շահնազարյանը Երևան քաղաքում աջակիցների հետ միասին դրամահավաք է իրականացրել Ամուլսարի պաշտպանության համար։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ժամը 20։50-ի սահմաններում Շահնազարյանին են մոտեցել ոստիկաններ և պահանջել են ներկայացնել դրամահավաք իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանից, ինչպես նաև պայմանագիր քաղաքապետարանի հետ և քաղաքապետարանի կողմից դրամահավաքի արկղի դրոշմակնքում։

«Ոստիկանները հրաժարվել են ներկայացնել, թե նման պահանջներ ներկայացնելու համար իրենք ինչ օրինական հիմքեր ունեն։ Այնուհետև նրանք ոստիկանության մեքենայով Աննա Շահնազարյանին հարկադրաբար տեղափոխել են ոստիկանության Կենտրոն բաժին, որտեղ տեղեկացրել են, թե նյութեր են նախապատրաստում խարդախության կասկածանքով։ Աննա Շահնազարյանին ժամը 23։00-ի սահմաններում բաց են թողել` տեղեկացնելով, թե ընթանում է խարդախության կասկածանքով հետաքննություն։

Հայկական բնապահպանական ճակատը ոստիկանության գործողությունները հայտարարում է ապօրինի և հետամուտ է լինելու, որպեսզի բնապահպանների՝ օրենքով չարգելված գործունեության նկատմամբ այս կոպիտ միջամտությունը պատժվի։ Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մենք գրանցված կազմակերպություն չենք, որպես քաղաքացիական նախաձեռնություն իրավունք ունենք իրականացնել օրենքով չարգելված գործունեություն, մեր ողջ գործունեությունը հրապարակային է և թափանցիկ, մենք բնապահպանական միջոցառումներ և իրավունքի պաշտպանություն իրականացնում ենք որպես կամավորներ, իսկ դրամահավաք իրականացնում ենք Ամուլսարի պաշտպաններին փոխանցելու նպատակով։

Նման դրամահավաքներ մենք և այլ նախաձեռնություններ իրականացրել ենք նաև նախկինում, փոխանցել Ամուլսարի պաշտպաններին, իրենք էլ սոցիալական հարթակներում և հանրային միջոցառումների ժամանակ հրապարակային հաստատել են, որ ստացել են այդ գումարները։ Օրենքի որևէ կետով քաղաքացիական նախաձեռնություններին արգելված չէ իրականացնել հասարակական գործունեություն և հանգանակություն հավաքել նման գործունեության համար։ Ամուլսարի պաշտպանության հետ կապված մեր գործողությունները և դրամահավաքը շարունակելու ենք հուլիսի 8-ից»,- գրված է հայտարարությունում։