Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին 2 ամսում 544 խաղաղ բնակիչ է զոհվել. նրանցից 130-ը երեխաներ են
Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընդդիմադիրների դիրքերի ուղղությամբ Ռուսաստանի գլխավորած կոալիցիայի լայնածավալ հարձակման հետևանքով առնվազն 544 խաղաղ բնակիչ է զոհվել: Նշվում է, որ զոհերից 130-ը երեխաներ են: Բացի այդ հայտարարվել է ավելի քան 2100 տուժածի մասին:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս տվյալները ստացվել են իրավապաշտպան կազմակերպություններից և փրկարարներից:
Ռուսական կործանիչներն ապրիլի 26-ին միացել են սիրիական կառավարական բանակին՝ խոշորագույն ռազմական գործողությունը սկսելով Իդլիբ և Համա նահանգներում ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող հատվածների նկատմամբ: Աղբյուրը նկատում է, որ անցած ամռանից ի վեր սա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ զորքերի և նրա թշնամիների միջև խոշորագույն բախումն է:
Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի պնդմամբ՝ ռուսական կործանիչներն ու սիրիական բանակը հարյուրավոր հարձակումներ են գործել՝ դառնալով առնվազն 544 խաղաղ բնակչի մահվան պատճառ: Մինչդեռ Մոսկվան և Դամասկոսը հերքում են քաղաքացիական հատվածներին հարվածելու մեղադրանքները:










