Ամերիկացի միլիարդատերը մեղադրվում է անչափահասների սեռական թրաֆիքինգի համար. նրան մինչև 45 տարվա ազատազրկում է սպառնում

13:36 • 07.07.19

Ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ սեռական թրաֆիքինգի մեղադրանք է ներկայացվել Մանհեթանի դատարանում, հայտնում է Daily Beast-ը:

Նա ձերբակալվել է, երբ իր օդանավը Փարիզից վայրէջք է կատարել Նյու Ջերսիի օդանավակայանում:

Ըստ դատական փաստաթղթերի՝ 66-ամյա գործարարն անչափահաս աղջիկների թրաֆիքինգով է զբաղվել: Խոսքը մի քանի տասնյակ անչափահասի մասին է: Դեպքերը տեղի են ունեցել 2002-2005թթ. ընթացքում Նյու Յորքում և Ֆլորիդայում:

Էփշտեյնը դատարանի առջև կներկայանա երկուշաբթի: Նրան սպառնում է մինչև 45 տարվա ազատազրկում:

Հատկանշական է, որ 11 տարի առաջ միլիարդատերը կրկին դատական գործում էր ներքաշված. այն ժամանակ նրան մեղադրում էին ավելի քան 30 անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար: