Մոսկվայից Թբիլիսի է մեկնել վերջին ուղիղ չվերթը. այսօրվանից ուժի մեջ է մտնում 2 երկրների միջև ավիահաղորդակցության արգելքի մասին Պուտինի հրամանագիրը

10:39 • 08.07.19

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Մոսկվայից Թբիլիսի վերջին ուղիղ չվերթն իրականացվել է հուլիսի 7-ի երեկոյան, գրում է korrespondent.net-ը:

Երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքը վերաբերում է նաև վրացական ավիաընկերություններին:

Նախքան արգելքը, Ռուսաստանից Վրաստան էր թռչում «Աերոֆլոտ»-ը և նրա «Պոբեդա» դուստր ընկերությունը, ինչպես նաև «S7 Airlines»-ը, «Ուրալյան ավիաուղիներ»-ը, «Smartavia»-ն, «Red Wings»-ը և «UTair»-ը։

Ռուսաստան թռիչքներ են իրականացրել վրացական Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերությունները:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության պահպանման նկատառումներով և գործելու է ժամանակավոր: 

Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել էին հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին: Երկու մարդ զրկվել է աչքից: