Տաջիկստանում հացից 14 կալանավոր է մահացել

10:29 • 08.07.19

Տաջիկստանի հարավում 14 կալանավոր է մահացել հացից, որը նրանց բաժանել են մեկ այլ կալանավայր տեղափոխելու ճանապարհին, գրում է ria.ru-ն՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարության քրեական պատիժների կատարման գլխավոր վարչության տարածած հաղորդագրությանը:

Գերատեսչության համաձայն՝ 120 դատապարտված տղամարդկանց և 8 կանանց Խուջանդ և Իստարավշան քաղաքներից երեք մեքենաներով տեղափոխել են Դուշանբե և Նուրեկ քաղաքներ՝ իրենց հետագա պատիժը կրելու: Սահմանված կարգի համաձայն՝ քարավանը ճանապարհին կանգ է առել վեց անգամ՝ ըստ անհրաժեշտության:

«Երեկոյան Մայհուրա տեղանքում՝ Դուշանբեի մոտակայքում, բանտարկյալներից մեկը երեք հաց է բաժանել 16 բանտարկյալների: Այն ուտելուց կես ժամ անց 16 կալանավորների մոտ սրտխառնոց, գլխապտույտ և փսխում է սկսվել: Կես ժամ անց, երբ մեքենան մտել է ուղղիչ հիմնարկ, այդ հացն օգտագործած բոլոր 16 բանտարկյալները կորցրել են գիտակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բժիշկներին հաջողվել է փրկել միայն երկու բանտարկյալների կյանքը։

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, ստեղծվել է հատուկ քննչական խումբ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հետաքննությունն անցկացվում է գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնի վերահսկողության ներքո:

Աղբյուրի տվյալներով՝ հացը վարակված է եղել թունավոր բորբոսով՝ շոգ եղանակին հացի պահպանման կարգը խախտելու պատճառով: