ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը Թրամփի վարչակազմին «դիսֆունկցիոնալ», «պառակտված» և «հիմար» է անվանել

11:05 • 08.07.19

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Կիմ Դերոքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին «դիսֆունկցիոնալ», «ապաշնորհ» և «հիմար» է անվանել, հայտնում է CNN հեռուստաալիքի կայքը:

«Թրամփի վարչակազմը միանշանակ դիսֆունկցիոնալ է»,- ասել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդագրությունների արտահոսքի մասին տեղեկություններ է հրապարակել Daily Mail պարբերականը, որը հատվածներ է բերել Դերոքի հաղորդագրություններից: Պարբերականի համաձայն ՝ Դերոքը դրանցից մեկում հայտարարել է, որ չի հավատում, որ Թրամփի վարչակազմը կդառնա «պակաս դիսֆունկցիոնալ», պակաս անկանխատեսելի, խմբակցությունները՝ պակաս պառակտված, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ ամերիկացի առաջնորդի կարիերան «կարող է ամոթալի ավարտ ունենալ»:  

Բրիտանական կառավարության էլեկտրոնային հաղորդագրություններում, որոնք սկսվում են 2017-ից, դեսպանը ասել է, որ Թրամփից «անապահովություն է ճառագում», և Լոնդոնում պաշտոնյաներին խորհուրդ է տալիս արդյունավետ պայքարել նրա դեմ. «Դուք պետք է ձեր ասելիքը պարզ ասեք, նույնիսկ կտրուկ»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դա առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը: Ի պատասխան դեսպանի հայտարարության՝ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «դեսպանը չի ծառայել ի բարօրություն Միացյալ Թագավորության»:

«Մենք այդ մարդու մեծ երկրպագուն չենք»,- հավելել է նա: