Հրդեհ՝ Երևանում գտնվող խճաքարի գործարանում. այրվել են յուղի տարաներ

09:27 • 08.07.19

Հուլիսի 7-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի գերեզմանատան մոտակայքում գտնվող խճաքարի գործարանում հրդեհ է բռնկվել, այրվում են յուղով լցված տարաներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտանում են ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասում` Շահումյան 2 հասցեում գտնվող խճաքարի արտադրամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 22։20-ին։

Մոտ 3 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, կուտակված աղբ, չշահագործվող անվադողեր և 3 յուղի տարա (200 լ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: