Ճիշտ կլինի, որ մարդատար տրանսպորտային միջոցները շահագործվեն դիզելային վառելիքով, որ բռնկում չառաջանա. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

11:05 • 08.07.19

Փրկարարները ժամանակին հասել են դեպքի վայր, ոչ մի վայրկյան ուշացում չի եղել, կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե է տևել հասնելը, դա շատ լավ ցուցանիշ է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Արարատ-Երասխավան ճանապարհի՝ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարին:

«Բայց, ցավոք սրտի, չեն կարողացել մարել, հրդեհը շատ արագ է արել իր գործը: Պատճառը չեմ կարող ասել՝ որն է եղել, վարկածներ են այսօր միայն: Այսպիսի վարկած կա՝ «Տոյոտան» դիմացից խփել է «Գազելին», որից հետո հետևից եկող «06-ը» մյուս կողմից է հարվածել, ինչից հետո էլ առաջացել է գազի արտահոսքը, բռնկում է եղել: Փրկարարները, որ հասել են, չեն կարողացել մոտենալ, 5-6 մետրից են մարման աշխատանքները սկսել»,- ասաց նա:

Հարցին, թե 2014 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտակայքի վթարից հետո «Գազելների» անվտանգության առումով ինչ հետևություններ են արվել, Ցոլակյանն ասաց, որ հետևություններ հիմա էլ պետք է արվեն: «Մի քանի անգամ ասել եմ, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով, պետք է զգուշություն ցուցաբերեն, բայց այստեղ, ինչքան հասկանում եմ, «Գազելի» վարորդը մեղք չի ունեցել»,- նշեց նա:

Նախարարն ասաց՝ խնդիր կա նաև այն հարցում, թե մարդատար տրանսպորտային միջոցներում ինչ վառելիք է օգտագործվում: «Ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ ու բենզին, այլ դիզել, որ այդպիսի բռնկում չառաջացնի»,- նշեց նա:

Ցոլակյանն ասաց, որ հնարավոր է օրենսդրական փոփոխություններ ներկայացնեն և նշեց, որ  պետք է վարքագիծ մշակվի, որ հնարավոր լինի խուսափել այդպիսի դժբախտ դեպքերից:

Նա նաև նշեց, որ վարորդներից շատերը տրանսպորտային միջոցներն շահագործում են առանց տեխզննում անցկացնելու, որից հետո սանկցիաներ են կիրառվում նրանց նկատմամբ: