Իսպանիայում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 5 մարդ է տուժել (լուսանկարներ)

17:44 • 13.07.19

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում անցկացվող Սան Ֆերմին փառատոնի շրջանակում ցլերի հետ վազքի 7-րդ օրը 5 մարդ է տուժել, որոնք հոսպիտալացվել են, գրում է korrespondent.net-ը:

Սան Ֆերմին փառատոնն այս տարի Պամպլոնայում անցկացվում է հուլիսի 7-14-ը: Տոնական միջոցառումների առանցքային իրադարձությունը հենց ցլերի հետ վազքն է: Ամեն առավոտ հազարավոր մարդիկ՝ ինչպես տեղացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ, դուրս են գալիս քաղաքի նեղլիկ փողոցներ՝ ցլերի հետ վազքի բազմադարյա ավանդույթին մասնակցելու համար:

Վազքը տևում է մի քանի րոպե: Այդ ընթացքում մարդկանց ամբոխին հետապնդում են կատաղած ցլերը:

Կարմիր Խաչից հայտնել են, որ այս անգամ ոչ ոք չի տուժել ցլերի պոզերի հարվածից: Երկու մարդ գետնին ընկնելու հետևանքով ձեռքի վնասվածքներ է ստացել, երկու մարդ՝ գլխի, մեկն էլ՝ կրծքավանդակի շրջանում: