Մոտ 30 տարի առաջ դիմել են մեզ կոյուղու հարցին ժամանակավոր լուծում տալու համար, սակայն այդ ընթացքում խնդիրը չեն լուծել. Ռոստոմի փողոցի տան բնակիչ

22:20 • 13.07.19

Մոտ 30 տարի առաջ Երևանի Կենտրոն համայնքի Աղյուսագործների 2 հասցեի տներից մեկի կոյուղագիծը միացվել է զուգահեռ փողոցի՝ Ռոստոմի փողոց 91 տան կոյուղագծին: Այդ ժամանակ սա եղել է ժամանակավոր լուծում, քանի որ Աղյուսագործների 2 հասցեի այդ տան կոյուղու հետ կապված խնդիր է եղել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Ռոստոմի փողոց 91 տան բնակիչ Հովհաննես Մանուկյանը: Նրա խոսքով՝ 30 տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջացել կոյուղու hետ կապված, քանի որ տարիների ընթացքում միայն իրենց տան սպասարկման համար նախատեսված կոյուղագծին միացվել է ևս մի քանի տան կոյուղի:

«Խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում մենք կանգնել ենք բավականին լուրջ խնդիրների առաջ, այսինքն՝ մշտապես խցանումներ են եղել, մի քանի անգամ մեր ավտոտնակը ջուր է լցվել այդ խցանումների պատճառով: Կանչել ենք մասնագետների, դիմել ենք իրենց, ասել ենք՝ նորմալ օգտագործեք, քանի որ նմանատիպ խնդիրներ են առաջանում: Մեր կոյուղին ավելի փոքր է ու չի կարողանում այդքան ընտանիքի սպասարկել: Իրենք դրանից հետո որևէ բան չեն ձեռնարկել, չեն եկել՝ հասկանանք՝ այդ խնդիրն ինչպես ենք լուծելու»:

Մանուկյանի խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ իրենց տուն են եկել Աղյուսագործների 2 հասցեի բնակիչներից մի քանիսն ու հայտնել՝ «կոյուղու ջուրը հետ է լցվում».

«Որոշեցինք նայել, հասկանալ՝ ինչն է խնդիրը եղել: Պարզվեց՝ փլուզում, փտում կա, խնդրեցին մասնագետ ուղարկել, հասկանալու խնդիրը: Համաձայնեցի, սակայն ասացի, որ խնդրի լուծումն անպայման պետք է տալ, որովհետև կոյուղու խողովակներն արդեն փտել են: Մասնագետը եկել է, նայել է, հետո մեզ ասել են՝ դուք հատուկ եք այնպես արել, որ խնդիր առաջանա, խցանում լինի: Եթե հատուկ ենք արել, որ խնդիր լինի, ապա ինչո՞ւ ենք մենք համաձայնում, որ մի քանի օր իրենք, իրենց մասնագետները երբ ուզեն, գան մեր տուն, նայեն»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ դիմել են նաև ոստիկաններին, վերջիններս եկել են իրենց տուն, տեսել իրավիճակը. «Էս մարդիկ էլ հասկացան, որ հատուկ որևէ բան չի արվել, այլ խողովակներն այնքան հին են, որ այլևս օգտագործման համար պիտանի չեն: Հիմա իրենք ասում են՝ եկեք խողովակները փոխենք, սակայն այդ խողովակներն անցնում են շինությունների տակով, դա կլինի բավականին մեծ ծախս: Ես ասում եմ, որ պոմպի միջոցով կարելի է այդ հարցը լուծել, որը կլինի մի քանի անգամ էժան ու մեզ համար էլ անհարմարություն չի լինի: Խոսեցինք, հասկացանք, սակայն ամեն անգամ ինչ-որ ոստիկաններ են գալիս մեր տուն: Ես ասացի իրենց՝ եթե ուզում եք օրենքի տառին համապատասխան լուծեք այդ խնդիրը, դիմեք դատարան»:

Հիշեցնենք, որ օրերս Tert.am-ի խմբագրություն էին դիմել Աղյուսագործների 2 հասցեի բնակիչները՝ բողոքով, որ կոյուղաջրերը լցվում են իրենց տները: Բազմիցս դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը, պատկան մարմիններին, սակայն «ձայն բարբառոյ յանապատի»:

«Կոյուղագիծը խցանված է: Մենք հայտնել ենք մեր բողոքը պատկան մարմիններին: Ասել ենք՝ մեր կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Խայտառակ վիճակ է, ամբողջ գիշեր չենք կարողանում քնել և այդ իրավիճակից ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ: «Վեոլիա ջուր» ընկերությանն ենք դիմել, մոտավորապես 20 օր է անհրաժեշտ, որ ասեն՝ հնարավո՞ր է արդյոք կոյուղագիծը տեղափոխել մյուս տարածքով, թե՞ ոչ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Նրա խոսքով՝ բնակիչներից մեկը նույնիսկ այլ վայրում վարձով է բնակվում, քանի որ անհնար է բնակվել նմանատիպ պայմաններում. «Անմարդկային վերաբերմունք է, մենք ինչքա՞ն կարող ենք դիմանալ: Բնակիչներից մեկը տնից հեռացել է, գնացել է վարձով է բնակվում մինչև այս հարցին լուծում տրվի: Ում դիմում ենք, ոչ գալիս են, ոչ տեսնում են: Մենք դիմել ենք տարբեր ատյանների: Խնդրում ենք մեր հարցին լուծում տալ»: