ԱՄՆ-ում դեմքի սև նշանով ծնված փոքրիկին անվանել են «հրեշ»
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակչուհի, 35-ամյա Քերոլ Ֆեները դժգոհել է, որ սոցիալական ցանցերում իր աղջկա` մարտ ամսին ծնված Լունայի լուսանկարների տակ վատ մեկնաբանություններ են գրվում: Փոքրիկը ծնվել է նշանով` նրա դեմքի մի մասը սև է, ինչի համար էլ օգտատերերից ոմանք նրան «հրեշ» են անվանել: Այս մասին հայտնում է Metro-ն:
Բժիշկները երեխայի մորը զգուշացրել են, որ, հնարավոր է, փոքրիկ Լունայի մոտ քաղցկեղ հիվանդություն հայտնաբերվի, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ փոքրիկը լիովին առողջ է, իսկ նման ծննդանշանով երեխաներ ծնվում են շատ հազվադեպ` 20 000-ից մեկը:
Ֆեները տխրում է այն հանգամանքից, որ որոշ օգտատերեր չափն անցնում են: Նրանցից մեկը գրել է, որ «հարկավոր է սպանել փոքրիկին, քան ապրել նման հրեշի կողքին»: Ֆեները մարդկանց խնդրում է կառավարել իրենց էմոցիաներն ու զուսպ լինել: Նա խոստովանում է, որ կան նաև բարի մարդիկ, որոնք իր աղջկան կոչել են «թիթեռ»` նշանի տեսքը նկատի ունենալով:
Լունայի ծնողները վախենում են, որ հասուն տարիքում աղջիկը կարժանանա ծաղրի և փորձում են անվտանգ միջոցներ գտնել` առանց առողջությանը վնասելու նշանը հեռացնելու համար: Բժիշկները տարակարծիք են, ոմանք ասում են, որ Լունան պետք է մեծանա, մյուսներն առաջարկում են վիրահատություն կատարել հիմա:
«Ուզում եմ, որ աղջիկս մեծանա և հասկանա, որ իրեն օգնելու համար ես արել եմ հնարավոր ամեն բան»,- եզրափակել է Ֆեները:










