Մահացել է Բանգլադեշի նախկին նախագահ և ընդդիմադիր գործիչ Հուսեին Մուհամադ Էրշադը
Բանգլադեշում 90 տարեկան հասակում մահացել է երկրի նախկին նախագահ, բանակի նախկին հրամանատար և ընդդիմադիր գործիչ Հուսեին Մուհամադ Էրշադը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նրա մահվան պատճառը տարիքի հետ կապված առողջական խնդիրներն են եղել: Մահվանից առաջ Էրշադը 10 օր գտնվել է մայրաքաղաք Դաքքայի զինվորական հիվանդանոցում:
1982թ.-ի ապրիլի 24-ին Էրշադը բանակի հրամանատարի պաշտոնում զավթել է իշխանությունը նախագահ Աբդուս Սաթարից՝ 1983թ.-ին իրեն երկրի նախագահ հռչակելով:
1986թ.-ի նախագահական ընտրություններում Էրշադը Բանգլադեշի ղեկավար է ընտրվել և կառավարել է մինչև 1990թ.-ը, երբ ժողովրդի կողմից զանգվածային ապստամբություն է բարձրացել, և նա ստիպված է եղել հրաժարական տալ պաշտոնից: Նրա նախագահության տարիները հաճախ ռազմական բռնապետություն են որակվել: 1985թ.-ից Էրշադը ղեկավարել է իր հիմնադրած «Ջաթիյա» ընդդիմադիր կուսակցությունը:










