Մեծ Բրիտանիան և Կանադան զանգվածային լրատվամիջոցների ազատության ապահովման նպատակով կոալիցիա կստեղծեն

14:22 • 14.07.19

Մեծ Բրիտանիան և Կանադան զանգվածային լրատվամիջոցների ազատության ապահովման նպատակով կոալիցիա կստեղծեն: Ինչպես հաղորդում է DW News-ը, այդ մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը և նրա կանադացի պաշտոնակից Քրիստիա Ֆրիլենդը:

Կոալիցիայի խնդիրը կլինի մասնավորապես միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել լրագրողների նկատմամբ հարձակումներին: Նոր կառույցի գործողություններն ուղղված կլինեն լրագրողներին սպառնացող անձանց «քաղաքական դիտավորությունները» փոխելուն, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունը խախտողների համար ավելի ծանրակշիռ հետևանքների կիրառմանը:

Կոալիցիայի հիմնադիրները մտադիր են համաշխարհային առաջնորդների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հանրության և մեդիա դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ ամենամյա համաժողովներ անցկացնել: Առաջին նման համաժողովն անց կկացվի 2020թ.-ին Կանադայում:

Նախաձեռնությանը կաջակցի Լրատվամիջոցների պաշտպանության համաշխարհային հիմնադրամը: Կոալիցիային իրավական աջակցություն կցուցաբերի Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի նախկին ղեկավար լորդ Դևիդ Նոյբերգերի նախագահությամբ գործող անկախ փորձագետների հանձնաժողովը, որին կանդամակցեն միջազգային մակարդակով հայտնի իրավաբաններ:

Հաղորդվում է, որ կոալիցիա ստեղծելու որոշումը կայացվել է լրատվամիջոցների ազատության հարցերով համաշխարհային համաժողովի արդյունքում: Համաժողովին մասնակցել է 1500 պատվիրակ ավելի քան 100 երկրից: