Կիևում կայանած ուղևորատար ավտոբուսը հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է (լուսանկարներ)

12:00 • 14.07.19

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաք Կրևում Ikarus 256 մակնիշի ավտոբուս է այրվել, գրում է korrespondent.net-ը:

Դեպքի պահին ավտոբուսը կայանած է եղել: Հրշեջների եզրահանգմամբ՝ այն դիտավորյալ հրդեհել են: Հրդեհը մարելու համար հրշեջներից շուրջ մեկ ժամ է պահանջվել: Հրդեհի հետևանքով ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ոստիկաններն արգելափակել են փողոցի երթևեկությունը:

Ականատեսների խոսքով՝ հրշեջների ժամանումից առաջ փողոցի հակառակ կողմում մոտ 40 տարեկան տղամարդ է նկատվել, որը տարօրինակ պահված է դրսևորել և հրշեջներին հորդորել չմարել կրակը:

Հաղորդվում է, որ ավտոբուսը մասնավոր անձանց է պատկանել: Ներկա պահին իրավապահ մարմինները պարզում են փոխադրամիջոցի սեփականատիրոջ ինքնությունը: Դեպքի առթիվ հետաքննություն է տարվում:

Օրեր առաջ Կիևում նմանատիպ մեկ այլ դեպք էր գրանցվել. մեկ գիշերվա մեջ անհայտ հանգամանքներում 3 ավտոմեքենա էր այրվել, ինչի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել: