«Ինժեներական քաղաքի» շինաշխատանքները կավարտվեն 2022-ին, իսկ ինժեներական կենտրոն-պլազայում այժմ գործունեություն է ծավալում 13 ընկերություն. ծրագրի տնօրեն
«Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման առաջին փուլն արդեն ավարտված է: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ըստ Ենգիբարյանի՝ երկրորդ փուլի իրականացման նպատակով ապրիլի 30-ին հայտարարվել են «Ինժեներական քաղաքի» գլխավոր հատակագծի, ինժեներական բիզնես աքսելերատոր շենքի և ենթակառուցվածքների նախագծային աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթները։
«Այժմ գնահատման փուլում են գտնվում վերոնշյալ մրցույթների շրջանակում ստացված հետաքրքրվածության հայտերը։ Գնահատող հանձնաժողովի կողմից ընկերությունների ընտրության և համապատասխան նախագծային աշխատանքների իրականացումից հետո, համաձայն սահմանված ընթացակարգի, կմեկնարկեն հետագա շինարարական աշխատանքները։ Նախատեսվում է քաղաքի հիմնական շինարարական աշխատանքներն ավարտել 2020թ․ հունիսին»,- ասված է պատասխանում:
Հիշեցնենք, որ երկրում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու, հայկական ինժեներական միտքը մեկտեղելու և նրա աշխատանքն ավելի արդյունավետ ու նշանակալի դարձնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ դեռևս 2018 թվականի ամռանը նախաձեռնվել էր «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը:
Նախատեսված էր, որ «Ինժեներական քաղաքում» կզետեղվեն մոտ 40 ինժեներական ընկերություններ՝ մի վայրում մեկտեղելով հայկական ինժեներական մտքի հիմնական ներուժը: Կառուցման նպատակն է, որ ինժեներներն իրենց «քաղաքում» առավել արդյունավետ աշխատելու լայն հնարավորություններ կստանան:
Հարցին, թե «Ինժեներական քաղաք»-ը պետք է ստեղծվեր պետության մասնավոր համագործակցության շրջանակում, որքա՞ն գումար է հատկացրել պետությունը, որքա՞ն՝ մասնավորը, և ովքեր են ներդրումներ կատարել, տրվել է հետևյալ պատասխանը. ««Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի մինչև 10.5 մլն ԱՄՆ դոլար նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:
Ըստ պատասխանի՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում ինժեներական ընկերություններին հողահատկացման գործընթացը դեռևս չի մեկնարկել։ Հողահատկացումը նախատեսվում է իրականացնել «Ինժեներական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի մշակումից և հաստատումից հետո։
Իսկ թե վերջնական երբ կավարտվի «Ինժեներական քաղաքի» ստեղծումը, նշվել էր, որ «Ինժեներական քաղաք» ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից.
«Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված, է և այժմ գործում են Ինժեներական կենտրոն-ինժեներական պլազան, Գիտության և տեխնիկայի թանգարանը և Տիեզերքի թանգարանը։ Շուտով ավարտին են մոտենում նաև Ինժեներական դպրոցի շենքի շինարարական աշխատանքները։ Երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել 2020թ․, որն իր մեջ ներառում է «Ինժեներական քաղաք»-ի հիմնական ենթակառուցվածքների հիմնում, Ինժեներական բիզնես աքսելերատորի ստեղծում և «Ինժեներական քաղաք»-ում տեղակայվելիք ընկերությունների շենքերի որոշ մասի կառուցում: Ծրագրի երրորդ փուլը՝ բոլոր բաղադրիչներով, կավարտվի 2022թ․-ին»:
Նշվում է նաև, որ Ինժեներական կենտրոն-ինժեներական պլազան, Գիտության և տեխնիկայի թանգարանը և Տիեզերքի թանգարանն իրականացվել են ծրագրի իրականացման մասնավոր գործընկերների կողմից։
Ինժեներական դպրոցի շենքի շինարարությունը կավարտվի սույն թվականի սեպտեմբերին։ Ինժեներական կենտրոն-պլազայում այժմ գործունեություն է ծավալում 13 ընկերություն՝ մոտ 230 աշխատակցով։










