Արհեստագործը պնդում է, որ իրանահայ գործարարը պատվերի ամբողջական գումարը չի վճարել. գործարարի փաստաբանը հակափաստարկներ է ներկայացնում (տեսանյութ)
Արտաշատի բնակիչ, արհեստագործ Դավիթ Ղադինյանը պնդում է, որ իրանահայ գործարարն իրեն արված պատվերի ամբողջական գումարը չի վճարել:
Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ նախորդ տարի իրանահայ Գևիկ Դավուդին իրեն պատվիրել է պատրաստել հաստոցներ, ինչի դիմաց, ըստ պայմանավորվածության, պետք է վճարեր 12 հազար դոլար, և այդ հաստոցները, Դավիթ Ղադինյանի խոսքով, բարեգործության նպատակով պետք է ուղարկվեին Արցախ:
Դավիթ Ղադինյանը պնդում է, որ իրեն վճարել են ընդամենը 6000 դոլար, որը նա ծախսել է նյութեր ձեռք բերելու նպատակով, իսկ հաստոցներն այժմ Երևանում են, և Գևիկ Դավուդին դա օգտագործում է սեփական բիզնեսի համար:
Գործարար Գևիկ Դավուդիի փաստաբան Ալեքսանդր Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթ Ղադինյանին վճարել են ավելի քան 11 հազար դոլար, և չի եղել պայմանավորվածություն, իբր հաստոցները պիտի ուղարկվեն Արցախ.
«Անգամ եթե եղել է պայմանավորվածություն, վճարելուց հետո հաստոցները հանդիսանում են Գևիկ Դավուդիի սեփականությունը, հետևաբար նա կօգտագործի ըստ իր ցանկության»,- ասաց փաստաբանը:
Բացի այդ այն տարածքում, որտեղ արհեստանոց է վարձակալում Դավիթ Ղադինյանը, նրա ներկայացմամբ, ոստիկանությունը թույլ չի տալիս աշխատել:
Արհեստագործը համոզված է՝ դա արվում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորչությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:










