Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ 71 կգ ռադիոակտիվ նյութերի ապօրինի տեղափոխման համար (լուսանկարներ)
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացու՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի պահման և մաքսային կանոնների խախտման փաստի առթիվ, գրում է apsny.ge-ն:
Գերատեսչության համաձայն՝ Պետանվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունում ռադիոակտիվ նյութերի պահման և Վրաստանի մաքսային սահմանով անցնող ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտման փաստի առթիվ հետաքննություն է սկսվել՝ «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին ահազանգի հիման վրա:
«Քննությունը պարզել է, որ ՀՀ քաղաքացին իրեն պատկանող բեռնատար միկրոավտոբուսով փորձել է Հայաստանից Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել «թորիում» նյութ, որը փաթեթավորված է եղել չորս առանձին փաթեթներում: Կատարված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նյութերի ընդհանուր քաշը 71,63 կգ է, և դրանք պարունակում են «թորիում 232» ռադիոակտիվ իզոտոպ, որը դասվում է միջուկային նյութերի շարքին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետաքննությունը վարում է Պետանվտանգության ծառայության հակահետախուզության վարչության գլխավոր քննչական վարչությունը:
Վրաստանում ՀՀ դեսպանատունը միջադեպի մասին հայտնում է, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, հանդիսանում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված 71,63 կգ ռադիոակտիվ նյութի սեփականատերը («Տորիյ 232» տեսակի ռադիոակտիվ իզոտոպ)։
«Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214 հոդվածի չորրորդ մասով և 230 հոդվածի առաջին մասով, «Միջուկային նյութերի ապօրինի շրջանառության» և «Պետական սահմանը հատելու կարգի խախտում» հատկանիշներով, որը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։
Գործը քննում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչությունը:
Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ»,– ասվում է հաղորդագրությունում։











