Իսպանիայում երկաթուղային ոլորտի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատանքային օրվա կրճատում և աշխատավարձի բարձրացում
Հուլիսի 15-ին իսպանական Renfe երկաթուղային օպերատորի աշխատակիցների գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել շուրջ 320 գնացքների չվերթներ, գրում է El Pais թերթը:
Գործադուլը կազմակերպել է Աշխատանքային հանձնաժողովների արհմիությունների կոնֆեդերացիան, որը կավարտվի միայն տեղական ժամանակով ժամը 23:00-ին:
Գործադուլը կանդրադառնա արագընթաց գնացքների, հեռավոր և տարածաշրջանային ուղղությունների գնացքների երթևեկության վրա: Իսպանիայի իշխանությունները երկաթուղային ծառայություններին պարտավորեցնում են, չնայած գործադուլին, պահպանել ծառայությունների առնվազն նվազագույն մակարդակը:
Renfe-ի աշխատակիցները պահանջում են նոր աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային օրվա կրճատում և աշխատավարձի բարձրացում:
Օպերատորն առաջարկում է ուղևորներին, որոնց ծրագրերը խախտվել են գործադուլի հետևանքով, անվճար հիմունքներով փոխել կամ վերադարձնել տոմսերը:










